ՀՀ ԱԳՆ-ից մերժել են կազմակերպել փախստականների հանդիպումը ՄԱԿ-ի պաշտոնյայի հետ

Մանրամասներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդն այցելել է Հայաստան։ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը նաև Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների ՀԿ-ների անունից նամակ է հղել ՀՀ ԱԳՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահի հետ հանդիպման խնդրանքով՝ հայ փախստականների, Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների և դրանց շուրջ հարցերի արծարծման ակնկալիքով։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ից մերժել են հանդիպում կազմակերպել։ Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

«Մինչ այդ, դեռևս անցած տարվա նոյեմբերին ենք համատեղ նամակով դիմել ԱԳՆ՝ աշխատանքային հանդիպման խնդրանքով որևէ աշխատակցի հետ, հույս ունենալով, որ հարց կբարձրացնենք, որպեսզի միջազգային կառույցների պաշտոնյաների այցելության ժամանակ պարտադիր որևէ ձևաչափով հանդիպում լինի նրանց հետ։ Ասեմ, որ մեր նամակը մնացել է անպատասխան, երբ ես սկսեցի հետամուտ լինել պատասխանի, հեռախոսային զրույցներից այն կողմ ոչնչի չհասա։ Ապրիլ-մայիս ամսին էր, հերթական այցելությունն էր ինչ-որ եվրոպական կառույցի ներկայացուցչի, հիմա չեմ հիշում, մենք գնացինք ԱԳՆ և տեղում փորձեցինք երկխոսել հանդիպում կազմակերպելու համար, բացի ոստիկաններից, ոչ ոք մեզ հետ չհանդիպեց։ Նման բան նույնիսկ նախկին իշխանությունների ժամանակ չկար։ Հիմա էլ մեր այս նամակի հետ կապված եղել է զանգ և բանավոր պատասխան, ես պահանջել եմ գրավոր պատասխան նաև, բայց խիստ կասկածում եմ, որ կստանամ։ Բանավոր պատասխանում ասվեց, որ նախօրոք էր պետք ծրագրել այդ հանդիպումը, ծրագրի մեջ նախատեսված չէ նման հանդիպում, որ հանդիպումների ծրագիրը խիստ ծանրաբեռնված է, որ միգուցե նույնիսկ եթե հանդիպումների ծրագիրը հագեցած չլիներ, ապա իմաստ չէր լինի հանդիպման, որովհետև տվյալ անձը փախստականների հարցերով անմիջական պատասխանատու չէ, և այսպես դատարկ խոսքեր»,- ասաց Մարիամ Ավագյանը։

Ըստ նրա՝ այս պատասխանի բոլոր կետերը թույլ են, իրավիճակը խճճելու ու խուսափելու միտում ունեն։ «Տպավորություն կա, որ եթե նախկին երեք նախագահների կաբինետները չկարողացան վերջնական թաղել փախստականների հարցը, այս անգամ արդեն այս իշխանություններն ավելի քան վստահ են, որ նույնիսկ 2020 թվականին ձևավորված փախստականների ու տեղահանվածների փաստը կկարողանան շրջանցել ու համարել փակված։ Տեսեք, ոչ ԱԺ-ում, ոչ կառավարությունում, մասնավորապես, ԱԳՆ-ում, 2020-ից այս կողմ չի եղել որևէ նշանակալից, անգամ աշխատանքային հանդիպում, իսկ եթե մինչ 2020 թվականը եղել են, ապա նույնքան ֆորմալ, որքան որ նախկինների ժամանակ էր։ Փաստացի, այս հարցը շրջանցվում է, ու սա մշակված ռազմավարություն է՝ սկսած 1992-ից, որին հավատարիմ ծառայում են նաև ներկաները։ Սա Հայաստանը վերջնական ոչնչացնելու ծրագրի հենասյուներից մեկն է, չկա փախստական, ուրեմն չկա պատճառը՝ ցեղասպանությունը։ Չկա ցեղասպանության փաստը, չկա հայության փրկության խնդիրը, մնում է միայն թուրքի ծրագիրը, որի լուծմանը ողջ «հայկական» Երրորդ Հանրապետության իշխանություններն են լծված»,- ասում է Մարիամ Ավագյանը։

Աբդուլլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Մարիամ Ավագյանի խոսքով՝ թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրին «ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին»:

«Սա թանգարանի նախաձեռնությունն է, պատասխանը՝ մեր նախկիններին ու ներկաներին ուղղված բազում անպատասխան նամակների։ Դե, իհարկե, թրքահաճո ՄԱԿ-ը Ցեղասպանության համալիր իր այցելության մասին լուրը թվիթերում ջնջել է։ Դե ինչո՞ւ չջնջեր, եթե «հայկական» իշխանությունները թուրքի պահանջով վերացնում են հայ փախստականների հարցը, օրակարգ չեն մտցրել ու չեն մտցնում, ինչ-որ միջազգային կասկածելի կառույցի պատասխանատու ինչու՞ պետք է վտանգի սեփական կարիերան ու խոսի այն մասին, որ հայ մարդու դեմ եղել է ու շարունակվում է ցեղասպանությունը»,- հավելում է Ավագյանը։