Հայությունը, զզված լինելով «քաղաքական եպիսկոպոսներից» ու ուղղափառ դաշնակիցների երեսպաշտությունից, որոշել է անցնել թուրքերի կողմը. Դանիելյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Հայաստանի շուրջ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել մոտ 900 տարի առաջ: Հայտնի է, որ Մարիամն Աստվածածին է հռչակվել 431 թվականին, ու զարմանալիորեն շատ քչերին է հետաքրքիր, թե ինչու: Ինչու՞ է աստծո մայրն այդ կոչումը ստացել Հիսուսի խաչվելուց միայն 400 տարի անց: 400 տարի քրիստոնյաները ծլել, ծաղկել են, մի ամբողջ կայսրություն են ծնկի բերել, դարձել են աշխարհի տերն ու այդ ընթացքում Մարիամին անդրադառնալու կարիքը չեն տեսել: Օրինակ Ավետարանում Մարիամը գրեթե չի հիշատակվում, մինչդեռ, 600 տարի հետո գրված Ղուրանում, նա գլխավոր կին կերպարն է, որտեղ երկու առանձին գլուխ իրեն է նվիրված: Ասեմ ավելին, Մարիամին կույս համարելն էլ է որոշվել բավականին ուշ` 4րդ դարի վերջերը: Այսինքն քրիստոնեության կայացման կարևորագույն հարյուրամյակների ընթացքում Մարիամը ոչ Աստվածածին էր համարվում, ոչ էլ նույնիսկ կույս:

Մարիամի պաշտամունքի ամենավաղ դրվագը 3րդ դարի Եգիպտոսում է արձանագրվել: Ալեքսանդրիայի եպիսկոպոս Որոգինեսը «Theotokos», այսինքն` «աստվածածին» բառն էր օգտագործում Մարիամի մասին խոսելիս, ու սա շատ տրամաբանական է, քանի որ Եգիպտոսում հազարավոր տարիներ լրիվ իդենտիկ պաշտամունքի առարկա է եղել Իսիդան` աստծո որդի Հորուսի կույս մայրը: Այսինքն` Ալեքսանդրիայում, կայացած աշխարհակարգին տուրքը տալով, ընդամենը ռեբրենդինգ էին արել իրենց հին ծեսերը: 3000 տարի շարունակ կույս Իսիդան էր դեկտեմբերի 21-ին աստծո զավակ Հորուսին ծնում, ով հետո մահանում ու հարություն էր ապրում, բայց, ելնելով քաղաքական իրողություններից, Իսիդան փոխարինվեց Մարիամով, իսկ Հորուսը` Հիսուսով, մնացած ամեն ինչ նույնը մնաց: Սակայն այս բարքերը հատուկ էին միայն կայսրության հարավային ծայրամաս հանդիսացող Ալեքսանդիրայում, որտեղ երբեմն իշխել էին կանայք՝ Հաչեփսութը, Նեֆերտիտին, Կլեոպատրան և այլոք, իսկ մայրաքաղաք Կոնստանդնոպոլսում իրավիճակը լրիվ այլ էր` Հռոմը երբեք կին կեսար, առավել ևս զորավար (իմպերատոր) չի ունեցել:

Քրիստոնեության և աշխարհի համար ճակատագրական 431 թվականին, աշխարհի կենտրոն դարձած Կոնստանդնոպոլսի պատրիարքը քրիստոնեության բնօրրան հանդիսացող Անտիոքյան մտքի դպրոցի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկն էր՝ Նեստորը: Նեստորականները քարոզում էին, որ Քրիստոսը երկու էություն ուներ՝ մարդկային ու աստվածային, և որ իր ծնունդը, կյանքի ճանապարհը, չարչարանքն ու խաչելությունը բոլորիս համար օրինակ հանդիսացող մարդկային էությունն էր: Այս քարոզի հիմքում այն պնդումն էր, որ բոլորս կարող ենք լինել Քրիստոսի պես և պետք է դրան ձգտենք, բոլորս էլ կարող ենք հալածվել ճշմարտության համար, բոլորս էլ կարող ենք մարդկանց օգնել, ու ամենակարևորը՝ բոլորս Քրիստոսի պես մարդուց ենք ծնվել: Այսինքն` նեստորականները Մարիամին համարում էին ոչ թե աստված ծնող, այլ մարդ ծնող, մարդ, ով հետո դարձավ աստված և բոլորիս օրինակ ծառայեց:

Անտիոքի դպրոցի այս` բավականին մարդասիրական, ես նույնիսկ կասեի` սոցիալիստական նարատիվը մի խնդիր ուներ՝ այն չափից դուրս պատրիարխալ էր, ինչը լուրջ գոյաբանական խնդիր էր 414 թվին, իր 13 տարեկան եղբոր ռեգենտը հռչակված, 15 տարեկան Աելիա Պուլքերիայի համար: Այդ վաղ հասակում Պուլքերիան ամեն ինչ արել էր, որ կայսրության գահն իրեն հասնի, նա նույնիսկ երդվել էր կուսակրոն մնալ ու իր կուսությունը նվիրել աստծուն (երդում, որը նա իհարկե չի պահել), սակայն այս երիտասարդ ու շատ ամբիցիոզ օրիորդին կայսր դառնալու համար մի բան էր պակասում՝ նա տղամարդ չէր: Ավելին` նա տղամարդ չէր շատ տղամարդակենտրոն քաղաքում, որի պատրիարքը շատ հավատարիմ քրիստոնյա էր ու մեծանուն փիլիսոփա, ով համ էլ Պուլքերիային բավականին հիմնավոր կերպով պոռնիկ էր անվանում (ըստ տարեգրության հենց բառացիորեն «պոռնի» էր ասել, որը հունարեն նշանակում է մարմնավաճառ):

Սեփական իշխանությունը ամրապնդելու նպատակով, այս` խնդրահարույց համբավ ունեցող Պուլքերիան սկսում է հովանավորել Մարիամի պաշտամունքը, որը բնական է մարդկանց գիտակցության մեջ պիտի Մարիամի հետ ասոցացներ հենց իրեն: Այս հմուտ քաղտեխնոլոգիան կիրառելիս որպես օրինակ ծառայում է հենց Իսիդան, ում ծնկներին նստած նորածին Հորուսի պատկերը, դառնում է ուղենիշ: Պատրիարք Նեստորը սրան ամեն կերպ ընդդիմանում է, ինչին ի պատասխան հնարամիտ Պուլքերիան որոշում է դրսից մարդ բերել: Այս գործում Պուլքերիային բնական դաշնակից է դառնում Ալեքսանդրիան ու մասնավորապես այնտեղի եպիսկոպոս Կյուրեղը: Այդ դաշինքն էլ ոչ թե աստավածաբանական հողի վրա էր ծնվել, այլ` զուտ քաղաքական. Պուլքերիային պետք էր Կոնստանդնոպոլսի պատրիարքին թուլացնել, որպեսզի սեփական իշխանությունն ուժեղացնել, նույն բանը պետք էր Կյուրեղին և, այս երկուսին հետագայում միացած, Հռոմի պապին: Մարդիկ նոր աշխարհակարգ էին գծում, այլևս չպիտի լիներ միաբևեռ պոլսակենտրոն աշխարհ:

Պուլքերիայի ջանքերի շնորհիվ Կյուրեղը Նեստորին ռազբորկի է կանչում Եփեսոս քաղաք, որտեղ ոմանց պնդմամբ Մարիամն իր վերջին օրերն է ապրել: Իսկ մինչև այդ Եփեսոսը եղել է հունական կուսության աստվածուհի Արտեմիսի հիմնական պաշտամունքի կենտրոնը (Արտեմիսը մեր Անահիտի ու եգիպտական Իսիդայի հունական տարբերակն էր): Էս զուտ քաղաքական ենթատեքստով, բայց աստվածաբանական փաթեթավորմամբ ռազբորկի անունը դնում են տիեզերական ժողով: Ժողովը-ռազբոռկեն սկսում են առանց Նեստորի և իրեն սատարող անտիոքյան և արևելյան թևի առաջնորդների: Նեստորի և այլ եպիսկոպոսների մեծ մասի բացակայությամբ նրան արագի մեջ հռչակում են հերետիկոս, իսկ Մարիամին՝ աստվածածին և բոլոր առումներով օրինակելի կերպար: Ժողովին ահագին ուշացումով հասած Հռոմի պապի դելեգատները հետին թվով միանում են հռչակագրին, իսկ օրինակ մերոնք, հասկանալով, որ էդ ամեն ինչը «նոր աշխարհակարգ» կոչվող գեշ մուտիլովկա ա, ահագին ոտները կախ են գցում, սպասում են մինչև կողմերից մեկը ակնհայտ հաղթող դուրս գա ու միայն 506 թվին, երբ Նեստորն արդեն վաղուց մահացել էր, Դվինի ժողովով միանում են Եփեսոսի ժողովի եզրակացությանը:

Պուլքերիային սակայն այս ամենը չի օգնում վերջնականորեն զավթել իշխանությունը: Մարիամ Աստվածածնի այս տնազը ստիպված է լինում խախտել իր երդումն ու 450 թվին, 51 տարեկանում ամուսանանալ մի չոբանի հետ, ում նա սարքում է կայսր: Էս մեր կայսրը 451 թվին Քաղքեդոնի տիեզերական ժողովն է կանչում, որտեղ վերջնական սեպ է խրում Հռոմեական կայսրության ժառանգության և այդ ժառանգությունն իրարից փախցնող եկեղեցիների միջև` զուտ իր, այսինքն իր «կույս» կնոջ գահն ամրապնդելու համար: Պուլքերիան, իր էս եփած բորշը, վայելում է ևս 2 տարի ու, ենթադրում եմ իրենից շատ գոհ, մահանում է: Մեր եկեղեցին ստիպված խախտում է դիվանագիտական էթիկետն ու իրավացիորեն ասում, որ պարսիկների հարձակման ժամանակ անիմաստ բազարներին տրվելն այդքան էլ ճիշտ բան չէ: Մնալով առանց դաշնակցի` մենք պարտվում ենք, բայց բարոյական հաղթանակ ենք տանում, քանի որ դեմից պայմանավորվել էինք, որ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու...»™ տենց էլ սովորություն դարձավ:

Նեստորը հետո ներողություն ա խնդրում, «սխալներն» ընդունում ա, ապաշխարում ա, խնդրում ա իրեն թույլ տան վերադառնալ հարազատ եկեղեցի, բայց քանի որ քրիստոնեությունն այս բազարների մեջ զուտ քող էր, նրան իհարկե չեն «ներում»: Թեպետ Նեստորը լավ ա պրծել, հիմա նույն բանն ասելու համար իրեն կքառատեին առաջադեմ աշխարհի «հումանիստները», ո՞նց թե՝ «կինը չի կարա աստված ծնի»...

Դե, իսկ 1054 թվին, երբ եկեղեցին վերջնականապես պառակտվեց, ոչ մեկ արդեն աստծո էության մասին բազարներով չէր փորձում գլուխ արդուկել, չորով հագան իրար հետ տարածք-բիզնես կիսելու վրով ու վերջ: Իմիջիայլոց, նեստորականությունը մինչ օրս համարվում է հերետիկոսություն, թեպետ 1997 թվականին Նեստորի ժառանգորդ համարվող անտիոքյան Ասորական Ուղղափառ Եկեղեցին դադարեցրեց պատարագի ժամանակ անիծել կաթոլիկներին և ուղղափառներին ու կոչ արեց նույնն անել իր «հակառակորդներին»:

Նմանատիպ բազմաթիվ կեղծ աստվածաբանական և ըստ էության փարիսեցիական բազարների շնորհիվ հարյուր ձիավորից բաղկացած սելջուկների գումարտակը աստիճանաբար գրավեց բազմամիլիոնանոց Բյուզանդիան: Թեպետ «գրավել» բառն այստեղ տեղին չէ, ըստ էության բյուզանդիայի բնակչությունը, զզված լինելով կղերականության այս վարքագծից, պարզապես անցավ թուրքերի կողմը: Կոնստանդնոպոլիսը գրավելիս Մեհմեդի զորքն արդեն կազմում էր մոտ 150,000, որոնց կեսը ենիչեր էին, իսկ թուրքերը փոքրամասնություն էին:

Հիմա, երբ հայկական եկեղեցիներում աստիճանաբար, բայց շատ հետևողականորեն խորանը ձևափոխվում է և արևելքից եկող լույսի փոխարեն մենք տեսնում ենք ավագ սեղանի վրա դրված Աստվածածնի պատկերը, որը երբեք այդտեղ չի եղել, անընդհատ մտածում եմ՝ տենաս հիմա ո՞ր մի «Պուլքերիայի» գործն ա սա և ի՞նչն են հիմա ուզում քանդեն... ու ինչպես և հազար տարի առաջ հայությունը, զզված լինելով սեփական «քաղաքական եպիսկոպոսներից» ու ուղղափառ դաշնակիցների երեսպաշտությունից, որոշել է անցնել թուրքերի կողմը:

Արթուր Դանիելյան