Երևանում ազգությամբ թուրք տղամարդու դի է հայտնաբերվել

Մանրամասներ
ա

Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 62/23 հասցեում գործող «Ուրբան լոջիսթիք սերվիսիս» ընկերության բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Մարգարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում Iveco մակնիշի թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնաբերվել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ազգությամբ թուրք է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։