Հանքարդոյւնաբերության ոլորտի թափանցիկության բարձրացումը` առաջանային նպատակ է

Մեր կառավարությունը խնդիր եւ նպատակ ունի ոչ միայն արդյունքներ արձանագրել, այլ նաեւ դրանք մատչելի ձեւով հասցնել ամեն շահառուի:

Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաեւ ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական եւ այլ հարցերը։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի շամանակ իր ելույթում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հետեւապես պարզ է, որ ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը մեզ համար առաջանային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի սկզբունքների բազմակողմանի ներդրումն էր»,-ասաց նա:

Ավինյանն ընդգծեց, որ Հայաստանի վերաբերյալ զեկույցը ներկայացնում է Հայաստանում 2016-2017 թվականներին մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը։ Հրապարակվել են 2018 թվականին օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերը, որոնք, ըստ պարոն Ավինյանի, մինչ այդ հասանելի չեն եղել հասարակությանը։ Կառավարությունը հավանություն է տվել հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին, որոնք Ավինյանի հավաստմամբ՝ կընդունվեն խորհրդարանի կողմից:

«Մեր կառավարությունը խնդիր եւ նպատակ ունի ոչ միայն արդյունքներ արձանագրել, այլ նաեւ դրանք մատչելի ձեւով հասցնել ամեն շահառուի՝ լինի դա հեռավոր ազդակիր համայնքի բնակիչ, գիտաշխատող, գործարար, թե պետական ծառայող։ Միայն այս կերպ հնարավոր կլինի ունենալ տեղեկացված հանրային բանավեճ եւ ունենալ իրական փոփոխություններ»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ այսօր կայացել է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովը: Հայաստանը հրապարակեց ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը։  Այն ստանդարտի ներդրման աշխատանքների կարեւորագույն արդյունքներից է, որին նախորդել են կարողությունների զարգացման միջոցառումներ, ոլոտային ուսումնասիրություններ, օրենսդրական փոփոխությունները եւ այլն։   ԱՃԹՆ-ի ազգային զեկույցը նպատակ ունի ոլորտին առնչվող համապարփակ տեղեկատվությունը զետեղել մեկ վայրում՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով կիրառել դրանք վերլուծությունների իրականացման,  հիմնախնդիրների շուրջ փաստարկված քննարկումների ծավալման, ինչպես նաեւ ոլորտում բարեփոխումների նախաձեռնման համար։

Նյութի աղբյուրը՝ news.am