Քննարկվում է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը

Իրանի պատվիրակությունը Հայաստանում է

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատր, առաջին տեղակալ  Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաեւ Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Սալեհին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքի մանրամասները, «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը, ինչպես նաեւ գազ` էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը եւ դրա ծավալների ավելացման հնարավորությունը:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը, որտեղ իր առանձնահատուկ դերն ունեն  նշված ծրագրերը: Կարեւորվել է նաեւ ոլորտի պաշտոնատար անձանց փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ եւ շուտափույթ լուծում:

 Գարեգին Բաղրամյանը եւ Հոմայուն Հաերիին նշել են, որ շարունակելու են  հետեւողական լինել, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի եւ ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով եւ սահմանված ժամանակացույցին համապատասխան: