Ճիշտ սնվելու մոդելն ու ժամանակահատվածը․ Նինա Մուրադյան

Մանրամասներ

1

Եթե առողջ սննդի կողմնակից եք, հավանաբար հասցրել եք ուսումնասիրել, թե ինչպիսի՛ սնունդ է պետք ուտել և ի՛նչ քանակությամբ: Կարևոր է ոչ միայն սննդի տեսակը, այլև այն ժամանակը, երբ նստում եք սնվելու։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս սնվել կանոնավոր, որոշակի պարբերականությամբ:

Live24.am-ի հետ զրույցում գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյանը նշում է, որ օրգանիզմն իր ֆունկցիաներն ավելի լավ է կատարում, եթե օրվա կտրվածքով պարտադիր պահպանում ենք «նախաճաշ-ճաշ-ընթրիք և երկու միջուտեստ» սնվելու մոդելը։

«Սնվելը համարվում է արդյունավետ՝ արթնանալուց հետո 8-ից 10 ժամվա ընթացքում։ Այս պարագայում օրգանիզմը  բավականաչափ ժամանակ է ունենում մարսելու, հանգստանալու և վերականգնվելու համար:

Եթե գոյություն ունի  քնելու օպտիմալ ժամանակ, ապա նույն տրամաբանությամբ գոյություն ունի նաև համապատասհան ժամանակը՝ ուտելու, սովորելու, ֆիզիկական աշխատանք կատարելու համար: Մարդիկ, որոնք պարբերաբար փոխում են օրվա ռեժիմը, աշխատում են վաղ առավոտյան կամ գիշերային հերթափոխով, մեծ է հավանականությունը, որ առողջության հետ կապված խնդիրների հետ կարող են առնչվել»։

Հերթափոխով  աշխատող մարդիկ, ըստ մեր զրուցակցի, պետք է ուշադրություն դարձնեն, թե օրվա ո՛ր ժամին են սնվում, ընտրեն սննդի ընդունման նույն ժամանակահատվածը՝ 8-ից 10 ժամվա կտրվածքով:

«Խորհուրդ է տրվում խուսափել ալկոհոլի օգտագործումից, քանի որ հերթափոխով աշխատողների օրգանիզմը ավելի զգայուն է դրա նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել ինչպես մարսողական օրգանների այնպես էլ այլ տարատեսակ հիվանդությունների առաջացմանը»,- ավելացրել է գաստրոէնտերոլոգ-դիետոլոգը։