Ռուսաստանն ունի բավականաչափ ուժ և ռեսուրս դժվար պահերին դաշնակիցներին պաշտպանելու համար. Նարիշկին

Մանրամասներ
ա

Ռուսաստանն ունի բավարար ուժեր և ռեսուրսներ՝ դժվար պահերին դաշնակիցներին ու ընկերներին պաշտպանելու համար: «Սպուտնիկ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ այս մասին Երևանում լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Նա վստահություն է հայտնել, որ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները կայունության ամուր երաշխիք են։ Նարիշկինը հիշեցրել է, որ այս տարածաշրջանում արդեն գործում են ինտեգրացիոն կառույցներ՝ Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

«Այդ կառույցները ստեղծվել են՝ հաշվի առնելով դրանց մաս կազմող բոլոր պետությունների շահերը։ Ինտեգրման պաշտպանական գործիքները լավ երաշխիք են կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար: Դրանից բացի, Ռուսաստանի Դաշնությունն ունի բավականաչափ ուժ և ռեսուրսներ դժվար պահերին դաշնակիցներին և ընկերներին պաշտպանելու համար»,-ասել է Նարիշկինը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Վարչապետը նշել է, որ Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: