Գերմանիան արտաքսել է վեց ադրբեջանցի ընդդիմադիրների

Մանրամասներ

1

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Գերմանիան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր վեց ակտիվիստների, հաղորդում է BBC-ն։ Նրանք բոլորը քաղաքական ապաստան են խնդրել, սակայն մերժում են ստացել։ Հայրենիքում նրանց հետապնդում են իշխանություններին քննադատելու համար։ Ընդդիմադիրների հարազատները հայտնում են, որ Գերմանիայից արտաքսվելուց հետո ադրբեջանական ոստիկանությունը նրանց ձերբակալել է։

BBC-ի հետաքննության համաձայն՝ 2021 թվականի հունիսից մինչև նոյեմբեր Գերմանիան մերժել է ապաստան տրամադրել և արտաքսել է Մութալիմ Օրուջևին, Մալիկ Ռզաևին, Ջաֆար Միրզոևին և Փյունխան Քերիմլիին։ Նրանք բոլորը եղել են Ադրբեջանի իշխանություններին ընդդիմացող կուսակցությունների ու քաղաքական շարժումների համակիրներ, իսկ ժամանելուց հետո բոլորը ձերբակալվել են՝ մեղադրվելով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Մեկ այլ ակտիվիստ՝ Զիյա Իբրահիմը, ձերբակալվել է Ադրբեջան վերադառնալուց հետո՝ իբր պարտքերը չվճարելու համար, իսկ Սամիր Աշուրովը ձերբակալվել է կռիվ հրահրելու համար։

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է, որ բոլոր վեց ադրբեջանցիները շարունակել են իրենց քաղաքական գործունեությունը Գերմանիայում. նրանք բազմիցս կազմակերպել կամ մասնակցել են Ադրբեջանում բռնաճնշումների և մարդու իրավունքների խախտումների դեմ բողոքի ցույցերի։ Այս ակցիաներից ամենամեծ արձագանքն է ստացել 2020 թվականին Գերմանիայի կանցլերի գրասենյակի դիմաց իրականացվող 12-օրյա հացադուլը։ Մուխթարլիի խոսքով, «դրա պատճառով Բաքվի իշխանությունները զայրացել են «չափազանց ակտիվ» էմիգրանտների վրա, հասել են նրանց արտաքսմանը, և այժմ նրանցից վրեժ են լուծում»։