Ընդդիմության միակ օրակարգը Ազգային ժողովից գլխիկոր փախչելն է․ Ռուբինյան

Մանրամասներ
ա

Այս օրերին ընդդիմության միակ օրակարգը Ազգային ժողովից գլխիկոր փախչելն է, արտահերթ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այս գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկից ի վեր ցանկացած թեմայով նախագծի քննարկման ժամանակ, որը չի վերաբերել պաշտպանությանն ու անվտանգությանը, մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք դեռ այս շենքի շրջանակներում գոյություն ունեին, ասում էին՝ ժամանա՞կ եք գտել այս թեման քննարկելու։ Եվ հետո նրանք գնացին, հետո չեկան։ Բայց այսօր մենք քննարկեցինք Պաշտպանության մասին և Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին օրենքների նախագծերը։ Երկու կարևոր նախագիծ, մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ էլ չեն։ Նրանք ասում են՝ մենք Ազգային ժողով վերադառնալու ենք մեր օրակարգով։ Լավ, ո՞րն է իրենց օրակարգը, եթե իրենց օրակարգը փողոցում չէ, այստեղ չէ, պաշտպանությունը չէ, բա ո՞րն է։ Ես կարծում եմ՝ իրենց օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել վերջին օրերի իրենց հանրային ակտիվությամբ։ Իսկ իրենց հանրային ակտիվությունը վերջին օրերին, հիշեցնում եմ, սահմանափակվում է հետևյալով՝ հրաժարականներ իրենց պաշտոններից, մի քանի հոգու դեպքում էլ՝ մանդատների վայր դնում։ Հետևաբար, կարող ենք եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը Ազգային ժողովից գլխիկոր փախչելն է»,- ասաց Ռուբինյանը։