Պապիկյանն ասել է, թե ինչ փոփոխություններ են պատրաստվում բանակում

Մանրամասներ
ա

Ազգային ժողովի արտահերթ նիստում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը։ Նա նշեց, որ այս փաթեթում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերագրված իրավասությունները։

Խմբագրվում և հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի, Պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի լիազորությունների շրջանակը։ Զինված ուժերի ԳՇ պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու Պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։ Ըստ Պապիկյանի՝ սահմանվում է, որ նախարարին փոխարինում է նախարարի քաղաքական տեղակալներից մեկը՝ վարչապետի որոշմամբ։ «Առաջարկության նպատակն է բարելավել զինված ուժերի ղեկավարման ուղղահայացի համակարգը և բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը։

Հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ այսօր նախարարը նաև ասել էր, որ օրենսդրական փաթեթը շուրջ մեկ տարի քննարկվել է տարբեր մակարդակներում։ «Մի շարք հարցերի, այդ թվում՝ զինված ուժերի և նախարարության կառուցվածքի վերաբերյալ աշխատել ենք Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ»,- նշել էր նա։