Բլինքենը չի ուզում հանդիպել Լավրովի հետ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ԱՄՆ ԱԳ նախարար Էնթոնի Բլինքենը մտադիր չէ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ G20-ի արտգործնախարարների վեհաժողովին, որը տեղի կունենա այս շաբաթվա վերջին Բալիում։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքով՝ նման բանակցությունների համար պայմաններ դեռ չկան, քանի որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմ իր ագրեսիան։

Լավրովն ու Բլինքենը կմասնակցեն G20-ի արտգործնախարարների հանդիպմանը, որը կանցկացվի հուլիսի 7-8-ը Ինդոնեզիայում։ Այս երկրի իշխանությունները հրավիրել են նաև Ռուսաստանի ներկայացուցչին, չնայած Վաշինգտոնի փորձերին՝ ապահովել Մոսկվայի միջազգային մեկուսացումը Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի պատճառով, գրում է BBC-ն։

France-Presse-ի փոխանցմամբ՝ Փրայսը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է լքել նիստերի սենյակը, եթե Լավրովն այնտեղ հայտնվի։ «Մենք ակնկալում ենք, որ պետքարտուղարը լիիրավ և ակտիվ մասնակից կլինի գագաթնաժողովին` հավատարիմ մնալով մեր մյուս հիմնական առաքելությանը` այն փաստին, որ Ռուսաստանի հետ սովորական հարաբերությունն անհնար է», – ասել է նա: