Լիսիչանսկի գրավման մասին Շոյգուի զեկույցից հետո Վլադիմիր Պուտինը հրամայել է հանգստի ուղարկել հարձակմանը մասնակցածներին և հայտարարել այս ուղղությամբ ռազմական գործողությունների դադար։ Փորձագետները սա գնահատել են որպես մեծ կորուստների արձանագրում և ուժեր հավաքելու փորձ։
Ռուսաստանի սահմանամերձ շրջանները գնալով ավելի են ենթարկվում գնդակոծումների։ Բելգորոդի հրետակոծության վերջին պատմությունը շատ հարցեր է առաջացրել ռուսների շրջանում։ Բելգորոդի քաղաքապետի խոսքով՝ ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 90 տուն, վնասվել է 26 բազմաբնակարան շենք, ամբողջությամբ ավերվել է 5 առանձնատուն, ևս 60-ը՝ մասամբ վնասվել։
ՌԴ ՊՆ-ն պնդել է, որ հարվածները հասցվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից երեք «Տոչկա-Ու» հրթիռներով, որոնք խոցվել են ռուսական ՀՕՊ համակարգի կողմից։ Սակայն հաղորդվում է, որ ոչ թե ուկրաինական հրթիռ է խոցել քաղաքի բարձրահարկ շենքը, այլ ռուսական «Պանցիր» ՀՕՊ համակարգի հրթիռը։
Հրթիռակոծությունից հետո Բելգորոդի բնակիչները հարցնում են, թե ինչու սահմանամերձ քաղաքում հակաօդային պաշտպանության համակարգը նորմալ չի աշխատում, ինչու օդային հարձակման նախազգուշացում չի եղել, ռմբապաստարանների մասին չկա որեւէ տեղեկություն։
Ուկրաինական ուժերն ավելի ու ավելի են թիրախավորում ռուսական ռազմական ենթակառուցվածքները օկուպացված տարածքների խորքում՝ օգտագործելով ԱՄՆ-ի տրամադրած HIMARS բազմակի հրթիռային համակարգերը, հայտնում են արևմտյան հետախուզությունները։
Ռուսաստանի տնտեսությունը սահմանային վիճակում է. Ֆինանսների նախարարությունն առաջարկել է առաջիկա երեք տարիների ընթացքում բյուջեի ծախսերը կրճատել մոտ 1,6 տրիլիոն ռուբլով։ Սեկվեստրը կազդի երկրի զարգացմանը միտված բոլոր ոլորտների վրա:
«Աերոֆլոտ»-ը և «Սովկոմֆլոտ»-ը, «Գազպրոմ»-ից և «Սբերբանկ»-ից հետո, հրաժարվել են բաժնետերերին բաժնեմասեր վճարել:
Ռազմական արդյունաբերությունը չի հասցնում, և կառավարությունը նախագիծ է պատրաստել ռուսական ձեռնարկությունները ռազմական ռելսերի փոխադրելու մասին։
Փորձագետները նշում են, որ Ռուսաստանը փորձում է զգալի հաջողությունների հասնել մինչև աշուն, երբ ուժի մեջ կմտնի Լենդ-Լիզը։
0Comments