Ուզբեկստանն արդեն սկսել են ճոճել. Աշխարհի վերաբաժանման համար հաջորդ պայքարը կլինի Կենտրոնական Ասիայում. Լուկաշենկո

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ աշխարհի վերաբաժանման համար պայքարի հաջորդ կռիվը լինելու է Կենտրոնական Ասիայում, դրա ախտանիշներն արդեն ի հայտ են եկել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ամերիկացիներն ուզում են գերիշխել... միաբևեռ աշխարհ են ուզում, իսկ գլուխ բարձրացնողներին ռմբակոծում են... Պատճառն աշխարհում նոր հարաբերությունների ի հայտ գալն է, բազմաբևեռությունը։ Այսօր պայքար է գնում ոչ միայն մեր հետխորհրդային տարածքի, դրա եվրոպական մասի համար, այսօր պայքար է ծավալվել Կենտրոնական Ասիայի համար, որտեղ գտնվում են մեր (նախկին խորհրդային) հանրապետությունները», - ասել է Լուկաշենկոն շաբաթ Բելառուսի Անկախության տոնի առթիվ  հանդիսավոր հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ այս տարվա սկզբին Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերից հետո զգուշացրել է Ուզբեկստանում իրավիճակի ապակայունացման վտանգի մասին։

«Տեսեք՝ Ղարակալպակստանի (ինքնավար) Հանրապետությունը... իբր ինչ-որ բան չի արտացոլվել սահմանադրության մեջ, իսկ հիմա այն ոտքի է ելել, ոչ, Ուզբեկստանը սկսել են ճոճել: Եվ այսօր արդեն հայտարարում են, որ օտարների մատը դրան խառն է: Նրանք չեն հեռանա նաև Ղազախստանից։ Իրավիճակն այնտեղ բարդ է»,- ասել է Լուկաշենկոն։

«Կենտրոնական Ասիան, ինչպես և մենք, հայտնվել է երկու կրակի արանքում՝ մի կողմից եվրոպացիները և ամերիկացիներն են, մյուս կողմից՝ Չինաստանի, որը մեծապես օգնում է Կենտրոնական Ասիայի գոյատևմանը։ Այս մենամարտը շուտով կլինի Կենտրոնական Ասիայում, դրա ախտանիշներն արդեն ի հայտ են եկել»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։ Նա ընդգծել է, որ «աշխարհը բաժանելու են»։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ղարակալպակստանի ինքնավարությունում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, հայտարարել է պարետային ժամ, որը գործելու է մինչև օգոստոսի 2-ը հայտարարված արտակարգ դրության շրջանակում։ 

Ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջարկել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը, որը վերաբերելու էր նաև ինքնավարությանը:

Իրավապահները վճռականորեն ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ որոշել է չփոփոխել սահմանադրությունը Ղարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ։

Մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և համարվում է երկրի ամենամեծ շրջանը՝ զբաղեցնելով նրա տարածքի մոտ 40 տոկոսը։ 1990-ականներին ստորագրվել է համաձայնագիր, որով այն ինքնիշխան հանրապետության կարգավիճակով մուտք է գործել Ուզբեկստանի կազմ՝ հետագայում հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով: