Դատարանը վարույթ է ընդունել «Սորոսի հայաստանյան հիմնադրամի» լուծարման պահանջով հայցադիմումը

Մանրամասներ

1

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Սորոսի հայաստանյան հիմնադրամի» լուծարման պահանջով փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 14-ին և նույն օրը մակագրվել դատավոր Ա. Սուքոյանին։ Հունիսի 23-ին դատարանը վարույթ է ընդունել այն։ Գործով որպես երրորդ անձ է ներգրավված ՀՀ արդարադատության նախարարությունը։

Ի դեպ, հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ մերժվել է։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ավելի վաղ իր հայցապահանջի վերաբերյալ գրել էր․ «Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները, դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ չարաբաստիկ գրասենյակի վերջնական վտարումը մեր Հայրենիքից»։