Տարօրինակ են Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները, թե գործընթացը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ. Ռուբինյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տարօրինակ է համարում Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ իրենք գործընթացը կոորդինացնում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Ռուբեն Ռուբինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանը  վերահաստատեց, որ սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում:

«Մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Բայց նման գործընթացներում ամենակարևոր բանը քաղաքական կամքն է, եթե այդ քաղաքական կամքը կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են» – ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունն ուզում է հասնել շուտափույթ կարգավորման և դրա համար պատրաստ է գործադրել գործուն քայլեր՝ նույնն ակնկալելով թուրքական կողմից:

Նա հավելեց՝ այդ գործընթացը դեռ շոշափելի արդյունքներ չի տվել, բայց դա չի նշանակում, որ չի էլ կարող տալ: Նաև չի նշանակում, որ հաստատ տալու է:

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ Ռուբինյանն ասաց. «Այդ հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, թերևս, նույնիսկ հակառակը՝ խանգարում են»:

Ռուբինյանը վստահեցրեց. « «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի մեր օրակարգում: Հայաստանը միջանցքային տրամաբանության որևէ նախագիծ, որևէ երևույթ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Բացի դրանից՝ Հայաստանում «Զանգեզուր» անվանմամբ տարածքային միավոր գոյություն չունի»: