Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ․ Արմեն Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում

«Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ», լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը կիրականացնի սահմանային վերահսկողություն։

«Միանշանակ սահմանային վերահսկողություն լինելու է։ Մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ։ Եվ մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ։ Երբ մենք հայտարարում ենք, որ մեր մոտեցումները կամ դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն լինի։ ՀՀ-ում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ, այդպիսի հարց երբեք չի քննարկվել»,- ասաց նա։

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե «միջանցքն արդեն իրականություն է», Արմեն Գրիգորյանն ասել է, որ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա․

«Բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվում, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,- ասել է նա։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմն առայսօր չի պարզաբանել, թե ինչու է հրաժարվել հունիսի 27-ին Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղարի հետ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումից։

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Բրյուսելում պետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպումից։ Այս մասին նույն օրը երեկոյան առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հանդիպմանը նախատեսվում էր պայմանավորվածություններ ձեռք բերել խաղաղության պայմանագրի և դրա հետագա ընթացքի վերաբերյալ։

Մանրամասները՝ shantnews.am-ի տեսանյութում։