2023-ին կբարձրանան թոշակները, նվազագույն աշխատավարձը, մինչև 2 տարեկան երեխայի նպաստը

Մանրամասները՝ տեսանյութում

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՍՅԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է պետբյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տնտեսական ակտիվության հնգամսյա ցուցանիշները: Աճի լոկոմոտիվներից են շինարարությունը, ծառայությունները, էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մտահոգիչ է արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը՝ ընդամենը 2 տոկոս: Իհարկե, գնաճային ֆոնն է պահպանվում, ինչը մտահոգիչ է, բայց հնգամսյա տվյալով դուրս ենք եկել երկնիշ տնտեսական գոտի: Այս թվերը նաև որոշակիորեն արտահայտվում են մեր բյուջետային եկամուտների հատվածում: Կիսամյակի նախատեսված պլանը այս պահին գերակատարել ենք 47 մլրդ դրամով: Նաև ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք դեռ ստանալու 10 մլրդից ավելի: Վստահ ենք, որ կիսամյակի պլանը մոտ 60 մլրդ դրամով կգերակատարենք:

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆ ՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

2023-ի հունվարից կբարձրացվեն կենսաթոշակները: Սա նաև նախընտրական խոստում է՝ հայտարարեց վարչապետը՝ նշելով, կավելանա նվազագույն ամսական աշխատավարձը:

Նիկոլ Փաշինյան - Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 հազարից կդառնա 75 հազար դրամ, որը գործակիցներով կհաշվարկվի:

Դա հնարավոր կդառնա՝ 2023-ին սոցիալական պաշտպանության ծախսերը ավելի քան 65 մլրդ դրամով կամ 11.3%-ով ավելացնելով՝ նշեց ֆինանսների նախարարը:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Նոր սահմանաչափը թույլ կտա ավելացնել պետական կենսաթոշակներին հատկացվող միջոցները 33 մլրդ դրամով, Ժողովրդագրական ծրագրերին հատկացնել 16.5 մլրդ դրամով ավելի: 2023-ին լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձերի ավելացման համար: Նախատեսվում է աշխատավարձերի ֆինանսավորման ավելացմանն ուղղել 17.3 մլրդ դրամ:

ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ԿԴԱՌՆԱ 30 700 ԴՐԱՄ

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը 28 600 դրամից կդառնա 30 700 դրամ: Մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերը նպաստ կստանան՝ անկախ նրանից գյուղում, թե քաղաքում են բնակվում, աշխատող են, թե ոչ: Գյուղերում աշխատող ծնողին պետությունը կշարունակի կրկնակի վճարել. հունվարի 1-ից կստանան 61 400 դրամ:

Նիկոլ Փաշինյան - Սա կարևոր որոշում է, և ուզում եմ հիշեցնել նախկինում ժողովրդագրության ոլորտում կայացրած մի շարք որոշումներ, որոնց մեջ երբեմն հաճելի անակնկալներ են լինում, անակնկալ չէ, բայց երբեմն դա չենք արձանագրում: Վերջերս նման դեպքի առնչվեցի, երբ քաղաքացուց նամակ ստացա, որ ընտանիքում եռյակ է ծնվել, և նամակագիրը սոցիակալան պաշտպանության հարց էր բարձրացնում: Հետարքրքվեցի՝ ինչ ծրագրեր ենք անում, պարզվեց, երբ ծնվում է եռյակ, յուրաքանչյուր երեխային 3-րդ երեխա ենք համարում, միանգամից որոշման տրամաբանությամբ ընտանիքը ստանում է 3 մլն միանվագ գումար, ամեն մեկը՝ 50 հազար: Սա շատ լավ հնարավորություն է, ինչպես ասում են, հնգամյակը մեկ տարում կատարելու համար:

ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՂՂՎԻ 7% ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ

2021-2026 թթ. ծրագրին համահունչ, հաջորդ 3 տարում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7% տնտեսական աճի ապահովմանը: Նախնական գնահատականով՝ պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, չի գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը: Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4%-ը: Բյուջեի ծախսերի ֆինանսավորումը ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին, դեֆիցիտը չի գերազանցի 3%-ը:

Նիկոլ Փաշինյան - Հիմա, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, 7 տոկոս տնտեսական աճը ավելի իրատեսական ենք համարում: Արդեն ասացի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,2 տոկոս է, բայց մեր թիրախը 7 տոկոսն է: Ազդակներ կան, որ մենք կարող ենք հասնել այս նպատակին: Մեր առևտրաշրջանառության ցուցանիներն են ցույց տալիս, տարվա 5 ամսում, պլյուս 10 օր հունիսի, նախորդ տարվա համեմատ աճել է 800 մլրդ դրամով, 2 մլրդ դրամ է, 20 տոկոս հանենք գնաճի հաշվին, նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ 1,7 մլրդ դոլարի լրացուցիչ առևտրաշրջանառություն ենք ունեցել:

ԾԱԽՍԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Նախատեսվում է ծախսերի ավելացում գրեթե բոլոր ուղղություններով: Գիտության գծով 2023 թ. հատկացումը 36.3 մլրդ դրամ է՝ 6.2 մլրդով ավելի:

Նիկոլ Փաշինյան - Ընթացիկ տարում մենք գիտության ֆինանսավորումը 82 տոկոս ավելացրել էինք, ևս 6 մլրդ եթե հաշվենք, ևս 20 տոկոսով ենք ավելացնում, ստացվում է, որ 2 տարում կրկնապատկել ենք Հայաստանում գիտության ֆինանսավորումը:

Արցախին տրվող 144 մլրդ դրամ աջակցությունը կպահպանվի: Գործադիրը հաստատեց միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը, 1 մլրդ 385 մլն դրամ հատկացրեց մարզերի սուբվենցիոն ծրագրերի համար:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Նախատեսված է 18 բնակավայրի 24 ծրագրի համար: 22-ը ավարտված են, 2-ը՝ ընթացքի մեջ է: Այս վեց ամսում 273 ծրագրի համար հատկացրել ենք 7,3 մլրդ դրամ:

Ըստ մարզերի և բնակավայրերի՝ վարչապետը թվարկեց կատարված բոլոր ծրագրերը: Նախարար Սանոսյանը հորդորեց համայնքներին ակտիվորեն ներկայացնել 2023-ի սուբվենցիոն հայտերը: 461 հայտից 361-ը քննարկվել, ուղարկվել են համայնքներ: Նախագծողների պատճառով ուշացող հայտերը կներառվեն 2023-ին:

Նիկոլ Փաշինյան - Հունիսի 30-ն ա, բայց դեռ հայտեր կան, որ Կառավարությունով չեն անցել, իսկ դրանց մի մասը կարելի էր ապրիլին սկսել, մյուս տարի կշարունակենք, բայց պետք է բացառել, շինարարության սեզոնը սկսվեց, պետք է կաբինետներում անելու գործ պետք է չմնա, գործը լինի շինհրապարակներում:

ՍՅՈՒՆԻՔԻ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով Սյունիքում որոշ հողամասեր կճանաչվեն հանրության գերակա շահ:

Գնել Սանոսյան - Առաջարկում ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանս 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի ճանապարհի կառուցմանը հարող գոտում գտնվող հողամասերի օտարում սկսել՝ հնարավորություն տալով, որ երբ շինարարին կընտրենք, գործընթացն ավարտած լինենք:

Նիկոլ Փաշինյան - Այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան: Մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար:

ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ՝ ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվեց Սեդա Սաֆարյանը: Վարչապետը նշեց, որ նա հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ, նաև արձանագրեց, որ կայացվել է քաղաքական որոշում: Սաֆարյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված է դեկտեմբերի 10-ին ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալով:

1lurer.am