Լեռնային Ղարաբաղը չեն ցանկանում հին ձևով քննարկել. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միմյանց մեղադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման համար. Коммерсантъ

Մանրամասներ

1

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որը լիովին հակասում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ռուս նախարարի խոսքով՝ ամերիկացիներն ու ֆրանսիացիները հրաժարվել են շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Վաշինգտոնում, սակայն, հայտնել են, որ են Ռուսաստանի ներկայացուցչին հրավիրել են հերթական հանդիպման, սակայն մերժում են ստացել։ Մինսկի խմբի վերջնական փլուզումը, որն այսօր միանգամայն հավանական է թվում, չափազանց կտխրեցնի Երևանին, որն ամեն ինչ անում է այս ձևաչափը պահելու համար, բայց կուրախացնի Բաքվին, որտեղ կարծում են, որ կառույցը «ձախողել է իր առաքելությունը» և «պետք է մոռացության մատնվի» (չակերտները՝ Tert.am), գրում է Коммерсантъ-ը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն երեքշաբթի Twitter-ում անակնկալ հայտարարություն է արել.«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում:

Այս խոսքերը լիովին հակասում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը:

«Ըստ էության, մենք չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ: Բայց մենք, իհարկե, քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները։ Եվ այս նոր գործընթացների հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- ասել է նա Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։

Հիշեցնենք նաև, որ մոտ երկու շաբաթ առաջ Բաքու և Երևան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ կառավարության մամուլի ծառայության, նրա հետ հանդիպմանը «ընդգծել էր Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի առանցքային դերը», նշել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համապարփակ կարգավորման կարևորությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հենց տիկին Դոնֆրիդի այցի ֆոնին կոշտ քննադատության է ենթարկել այս ձևաչափը՝ ելույթ ունենալով Բաքվի Գլոբալ ֆորումի բացմանը։

«Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ կարող եմ ասել, որ այդ ինստիտուտը «կորցրել է իր նշանակությունը» (չակերտները՝ Tert.am)։ Պետք է հրաժեշտ տալ: Այս «հակաարդյունավետ խմբին» (չակերտները՝ Tert.am) ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն», այլ պարզապես «ցտեսություն», քանի որ «ժամանակն է, որ նա թոշակի գնա» (չակերտները՝ Tert.am): Մինսկի խմբի վերածննդի մասին խոսակցություններն առաջացնում են մեր ընդդիմությունը»,- ասել էր Ալիևը։

Երեքշաբթի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հայտարարությունների փոխանակումից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաստատել էր այս դիրքորոշումը:

«Խաղաղության հասնելու համար Երևանը պետք է դրսևորի քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, ոչ թե «ժամանակ վատնի մի ձևաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի անդամներն այժմ բացահայտ ընդունում են դրա անհնարինությունը» (չակերտները՝ Tert.am)», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ինքը՝ Կարեն Դոնֆրիդը, խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայության հետ, ըստ էության համաձայնել է այս հարցում Երևանի դիրքորոշմանը։

«Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ասում է, որ մենք աջակցում ենք գործընթացին Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասել է նա հունիսի 20-ին:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ սա շատ կարևոր ձևաչափ է, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում, և չափազանց կարևոր է, որ մենք ունենք տարբեր ձևաչափեր, որոնց միջոցով փորձում ենք նպաստել խաղաղությանը», - ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ճշտող հարցին, թե չի՞ խանգարում Ռուսաստանի մասնակցությունը, Դոնֆրիդը բացասական պատասխան է տվել. «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է։ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն աշխատել այս ձևաչափով»,- վստահորեն ասել էր նա։

Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել, որ Կարեն Դոնֆրիդի հայտարարությունը իրեն շատ ավելի է դուր եկել, քան Սերգեյ Լավրովի խոսքերը.:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե, իհարկե, լրատվամիջոցները ճիշտ են փոխանցել նրա խոսքերը, մեղմ ասած տարօրինակ է։ ՌԴ ԱԳ նախարարը գործում է Ռուսաստանի նախագահի լիազորությունների ներքո, իսկ 2022 թվականի ապրիլի 19-ին ես պաշտոնական այցով գտնվում էի Ռուսաստանում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք, որում նշեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատի համաձայն»,- ասել էր Փաշինյանը։

«Այն պայմաններում, երբ Բաքուն փաստացի հրաժարվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Մինսկի խումբը, ըստ էության, մնացել է միակ ձևաչափը, որի շրջանակում կարելի էր քննարկել այդ հարցը»,- Коммерсантъ-ին բացատրել է հայ քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ բացատրելով Երևանի համար Մինսկի խմբի պահպանման կարևորությունը։

Բացի այդ, համանախագահների ձևաչափի առկայությունը ձեռնտու է հայկական կողմին, քանի որ այն թույլ է տալիս մանևրել միջնորդների միջև։ Եթե Մինսկի խմբի աշխատանքը դադարեցվի, երկու ակտիվ եռակողմ ձևաչափեր կմնան՝ Մոսկվայի և Բրյուսելի միջնորդությամբ։ Երկու ձևաչափերի շրջանակում էլ կարելի է առաջնահերթ անվանել կարգավորման կոնկրետ միջոցառումները, ինչպիսիք են հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի հստակեցումը, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ասել է քաղաքագետը։

Նման պայմաններում, ըստ Հարությունովի, Երևանին պարզապես այլ բան չի մնում, քան Մինսկի խումբը պահել լրատվական օրակարգում։

Մեկ այլ հայ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին ստեղծված իրավիճակում «հետաքրքիր դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես գալու» հնարավորություն է տեսնում։ Նրա կարծիքով, Երևանը պետք է հրավերներ ուղարկի ԵԱՀԿ բոլոր երեք համանախագահներին՝ այցելելու Հայաստան «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և նրա կարգավիճակը քննարկելու համար»։

«Սա կարող է դառնալ միակ հարթակը, որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի ներկայացուցիչները կկարողանան երկխոսություն վարել։ Նման նախաձեռնությունը կարող է նոր լիցք հաղորդել Մինսկի խմբին»,- ասել է Коммерсантъ-ի զրուցակիցը։

«Վաշինգտոնի հայտարարությունը շատ տարօրինակ է- իր հերթին «Կոմերսանտ»-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն,- Վաշինգտոնը գիտի Բաքվի դիրքորոշումը, և եթե նրանք որոշեն միտումնավոր ոտնահարել այս հարցը և նյարդայնացնել ադրբեջանական կողմին, ապա դա որևէ դրական արդյունքի չի հանգեցնի»: