Արդյունավետ դատախազական հսկողությանը հնարավոր է հասնել հետևողական դատախազով։ Այս մասին խորհրդարանում ասաց Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը։ Նա նշեց, որ աշխատելով վարչապետի աշխատակազմում ու անընդհատ առնչվելով քաղաքացիների բարձրացրած դիմումներին ու բողոքներին, արձանագրել է, որ ունենք անթիվ-անհամար քննչական ու դատավարական գործողություններ, ֆորմալ առումով ճիշտ, բովանդակային առումով, մեղմ ասած, ոչ լիարժեք։ Արդյունքում ունենում ենք ծանրացված վարույթներ, ծանրաբեռնվածություն, արդյունքում ունենում ենք ահռելի քանակի հայցեր ու քրեական գործեր և ունենում ենք հատվածային կամ շատ փոքր քանակի լուծված գործեր։
«Դա անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ մարդու մոտ սկսում է ձևավորվել անարդարության զգացում, որովետև անընդհատ մարդուն ասել, որ մենք պրոցես ենք անում, նշանակում է անընդհատ մարդուն համոզել՝ մի քիչ էլ սպասիր։ Իսկ ինչքա՞ն կարող է համբերել մարդը, երբ տուժել է հանցագործությունից։ Չեմ խոսում լուրջ, ծանր, սպիտակ օձիքների հանցավորությունից, խոսում եմ առօրեական հանցագործության մասին։ Եվ պատահական չէ, որ ժամանակակից իրավագիտության մեջ կա շատ հստակ ձևակերպում՝ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է։ Եվ այս առումով թիվ մեկ խնդիրը, որն իմ ուշադրության կենտրոնում է գտնվել ու հետագայում էլ գտնվելու է, դա ուշացած արդարադատությունն է, պրոցեսների և ոչ թե արդյունքի վրա կենտրոնացված արդարադատությունն է։ Մենք անընդհատ խոսում ենք գործերի քննության ձգձգումից դատարաններում։ Այո, դատարաններում միջին ծանրության հանցագործությունների քննությունը, օրինակ, կարող է տևել 5 տարի։ Մի օր դատախազը չի գալիս, մի օր փաստաբանն է հիվանդ, երրորդ օրը դատավորն է վերապատրաստման։ Եվ այսպես անընդհատ գործերը ձնձգվում են։ Ցավոք, գոնե իմ ուսումնասիրության շրջանակներում հայտնված գործերը ցույց են տալիս, որ գրեթե նույն խնդիրն ունենք նաև մինչդատական վարույթում։ Ունենք նշանակված փորձաքննություններ, օրինակ, մի բողոքի շրջանակներում տեսա, որ փորձաքննությունը երեք տարի տևում է։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ մենք ունենք մեխանիզմ, որը թույլ կտա հաղթահարել գոնե մինչդատական վարույթում այս ձգձգումները, դա արդյունավետ դատախազական հսկողությունն է։ Իսկ ինչպե՞ս հասնել այդ արդյունավետ դատախազական հսկողությանը, էլի շատ պարզ մեխանիզմ է՝ հետևողական դատախազով։ Եթե դատախազը հետևողական է գործի նկատմամբ, քաղաքացին չի գալու կառավարության ու Ազային ժողովի դռներիդիմաց՝ պահանջելու իր գործի քննությունը։ Եվ մենք էլ ստիպված չենք լինի բացատրել, որ ամենազոր չէ քաղաքական թիմը և չի կարող միջամտել իրավական հարցերին»,- ասաց Աննա Վարդապետյանը։
Նա հավելեց․ «Մենք գործ ունենք շատ ավելի պրոֆեսիոնալ հանցավորության հետ, սպիտակ օձիքների հանցավորություն այսօր դառնում է գրեթե իդեալական, հաշվարկային մակարդակի։ Եվ այս առումով նախաքննությունը կարծես հետ է ընկնում։ Պարզաբանեմ, թե ինչո՞ւ եմ ասում սպիտակ օձիքների հանցավորություն, որովհետև դրանք հիմնականում շատ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմի կատարվող ֆինանսական չարաշահումներն են»։
Աննա Վարդապետյանը նշեց, որ կարևորում է հովանավորչության բացառումը։ «Շատ դժվար է մերժել փոքր հասարակության մեջ, որտեղ քեզ բոլորը ճանաչում են, դու ճանաչում ես բոլորին։ Շատ դժվար է դեմ գնալ այն կարծրատիպային մոտեցումներին, որոնք կան, բայց կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն թղթադրամն իրար փոխանցելով։ Կոռուցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ։ Եվ եթե հովանավորչությանը նպաստող պայմանները չհաղթահարվեն, սա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին ժողովրդավարության հիմքերն ուղղակի քայքայելու է»,- հավելեց նա։
0Comments