Լաչինի միջանցքի կարգավիճակը հաստատված չէ. Լավրովը Ալիևի հետ կարող է համաձայնեցնել դրա հետ կապված ցանկացած հարց

Մանրամասներ
ա

«Առավոտ» թերթն Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ զրուցել է Բերձորի ու Աղավնոյի՝ հուլիսին ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու լուրերի մասին։

- Շատ է քննարկվում այն վտանգը, որ հնարավոր է՝ հուլիսին Բերձորի հետ կապված զարգացումներ լինեն: Ի՞նչ զարգացումներ են սրանք եւ ի՞նչ սպասել:

- Ըստ օդում կախված լուրերի՝ հուլիսին ադրբեջանական վերահսկողության տակ պետք է անցնեն Բերձորն ու Աղավնոն, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն էլ պետք է փոխի իր «հունը» եւ հեռվից շրջանցի Շուշին: Եթե սա ճիշտ է, ապա կնշանակի, որ Աղավնոյից կվտարվեն հայ բնակիչները, իսկ Արցախը Հայաստանին կապող գազամուղն ու այլ կոմունիկացիաները, հավանաբար, կանցնեն ադրբեջանական լիակատար վերահսկողության տակ: Այս խնդիրների հետ կապված պաշտոնական Երեւանի որեւէ հոդաբաշխ պարզաբանում դեռ չեմ լսել:

- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ին Բաքվում էր, որտեղ բանակցություններ ունեցավ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ եւ հանդիպեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հնարավո՞ր է այս այցից հետո նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերվեն Բերձորի հետ կապված:

- Լաչինի մարդասիրական միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահ զորախմբի կողմից ու բաց է նաեւ ադրբեջանցի զինվորականների տեղաշարժի համար: Այսինքն՝ լիովին դուրս է Երեւանի կամ Ստեփանակերտի վերահսկողությունից: Քանի դեռ այդ միջանցքի՝ միջազգայնորեն սահմանված բացառիկ կարգավիճակը հաստատված չէ, ոչ Երեւանը, ոչ էլ Ստեփանակերտը չեն կարող կանխել դրա վերաբերյալ ռուս-ադրբեջանական որեւէ պայմանավորվածություն: Ուստի Լավրովը Ալիեւի ու Բայրամովի հետ կարող է քննարկել ու համաձայնեցնել դրա հետ կապված ցանկացած հարց:

- Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը Բաքվի 9-րդ համաշխարհային ֆորումում, որի ընթացքում հայտարարել է, թե հայկական կողմի հետ բանավոր պայմանավորվածություն է եղել՝ չբարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը, եւ եթե Երեւանը շարունակի հավակնություններ ներկայացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, նույնը իրենք կանեն: Սա սպառնալի՞ք է, թե՞ շանտաժ:

- Վերջին պատերազմական 44-օրյա դրվագից հետո ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ Արցախի կարգավիճակի հետ կապված Հայաստանի իշխանությունները նախընտրում են շատ չխոսել: Չի բացառվում, որ բանավոր պայմանավորվածություն եւ, անգամ, պարտադրանք եղել է իրականում: Բոլոր դեպքերում, պետք է ելնենք նրանից, որ այսօր Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայկական դիրքորոշումը պետք է ձեւավորեն ու արտահայտեն հիմնականում հենց Արցախի իշխանությունները:

- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի թեկնածության առաջադրման մտադրության մասին: Ինչպե՞ս կգնահատեք այս առաջադրումը:

- Դատելով նրա կենսագրությունից՝ կարելի է ենթադրել, որ փորձված դիվանագետ է եւ անվտանգային ոլորտի նրբություններին քաջատեղյակ մասնագետ: Քանի որ ծնունդով էլ Կալիֆոռնիայից է, ապա, հավանաբար, նաեւ հայկական թեմատիկային է ծանոթ: Բոլոր դեպքերում ճիշտ կլինի սպասել ու տեսնել, թե պաշտոնին անցնելուց հետո ինչպես կդրսեւորի իրեն տեղում: Հուսով եմ, որ չի հիասթափեցնի ոչ մեր ժողովրդին, ոչ էլ սեփական կառավարությանը՝ դրա համար անհրաժեշտ անձնական որակներով, կարծես թե, օժտված է:

- Ինչքանո՞վ է ներհայաստանյան քաղաքական դաշտն իրեն համարժեք դրսեւորում ստեղծված իրավիճակի հետ կապված. կարծես լռում են, փոխարենը՝ Եվրախորհրդարանն է ակտիվ անդրադարձեր ունենում ԼՂ հակամարտության հետ կապված:

- Այն կարծիքին եմ, որ ներհայաստանյան քաղաքական դաշտն իրավիճակին համարժեք գործելու համար անհրաժեշտ որակներից զուրկ է եւ ունակ չէ մշակել ու վարել հեռանկարային ու արդյունավետ արտաքին քաղաքականություն: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում մեր շուրջը, որ ուղղությամբ են ընթանում գլոբալ զարգացումները եւ մեզ համար ինչ սպառնալիքներ են գոյավորվում: Գիտելիքն ու բարոյականությունը լքել են մեր քաղաքական վերնախավը, ավելի ճիշտ՝ այդ վերնախավն է դրանք ուրացել»։