«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել

Ահռելի հերթերի սպասարկման պարագայում, առանց գրեթե հանգստյան օրերի աշխատելու պայմաններում, իրենք որեւէ տեսակի պարգեւատրում տարեվերջին չեն ստացել

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգեւավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն՝ հանրության շրջանում, այլեւ՝ հենց ՊԵԿ աշխատակիցների, հաղորդում է 168.am-ը: 

Կայքի տեղեկություններով՝ ՊԵԿ պարգեւավճարների հրապարակման հենց հաջորդ օրն ավտոմեքենաների մաքսազերծման «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել ժամը 9:00-10:30 հատվածում, քանի որ, ինչպես իրենք են նշում, ահռելի հերթերի սպասարկման պարագայում, առանց գրեթե հանգստյան օրերի աշխատելու պայմաններում, իրենք որեւէ տեսակի պարգեւատրում տարեվերջին չեն ստացել, այն դեպքում, երբ համացանցում տեսնում են, թե ինչ չափի գումարային պարգեւատրումներ է ստացել Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը։

Ինչեւէ, հասկանալով, որ իրավիճակը կարող է այն աստիճանի սրվել, որ կաթվածահար անի մաքսատան աշխատանքն առհասարակ, ղեկավարությունն աշխատակիցներին համոզել է աշխատել՝ պայմանով, որ պարգեւավճարային գումարները կփոխհատուցի այս ամիս։ Բացի դրանից, քանի որ «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցներն աշխատում են նաեւ շաբաթ օրերին, նրանց խոստացվել է, որ մեկ հանգստյան օր կունենան՝ այսպիսով փոքր-ինչ հանդարտեցնելով շիկացած կրքերը։

Հիշեցնենք, որ տարվա սկզբից ավտոմեքենաներ ներկրողներն ահազանգում են Նորագավիթում գտնվող «Արարատյան» մաքսատանը տիրող հսկայական հերթերի, մաքսազերծման համար նախատեսված կողմնորոշիչ գների բարձրացման մասին։