Որևէ մեկը իրավունք չունի Սաղաթելյանին քննադատելու․ Հարցազրույց Արթուր Վանեցյանի հետ

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Նպատակները համընկնում են, սակայն այս փուլում այդ նպատակին հասնելու ուղիների հարցում որոշակի տարբերություններ կան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե որոնք են տարբերությունները, Վանեցյանն ասել է․ «Տարբերությունը ժամանակը ցույց կտա, եկեք ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը և մնացած գործողությունները կտեսնեք»։

Արթուր Վանեցյանը չի համաձայնել հաղորդավարի հարցին, թե շարժումը չի հաջողել։ Նա նշել է, որ շարժումը պարզապես այս փուլում չի հասել իր նպատակին և շարունակում է պայքարը։ Ըստ նրա՝ շարժումն առնվազն այս փուլում կանխել է հնարավոր ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերը, նաև միջազգային հանրությանը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող գնալ միակողմանի զիջումների, չի կարող Հայաստանը տանել երկրորդ կապիտուլյացիայի։

Նա նաև նշել է, որ պայքարի մեջ է լինելու այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց նպատակին։ «Ես լինելու եմ այս պայքարի մեջ մինչև մեր վերջնական նպատակին հասնելը։ Դա կլինի, Ազատության հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում, գյուղում, քաղաքում, թե որտեղ, դա կարևոր չէ։ Ես Ազատության հրապարակում ասել եմ, որ ես խորհրդարան չեմ վերադառնալու, և ես խորհրդարան չեմ վերադառնում, շարունակում եմ իմ գործունեությունը»,– ասել է նա։

Հաղորդավարի դիտարկմանը, թե շատերը շարժման այս փուլի ձախողումների մեջ մեղադրում են Իշխան Սաղաթելյանին, Արթուր Վանեցյանն ասել է, որ որևէ մեկը իրավունք չունի Սաղաթելյանին քննադատելու, քանի որ նա առաջին օրվանից նվիրումով մտել է պայքարի մեջ, ահռելի գործ է արել շարժման համար։

Հաղորդավարը նշել է, որ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուց օրեր առաջ Սերժ Սարգսյանը ակնարկեց, որ Իշխան Սաղաթելյանն է շարժման առաջնորդը։ Հարցին, թե ինչու հենց նա, այլ ոչ այլ մեկը, Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ շարժման առաջին իսկ օրվանից հայտարարել են, որ չկան առաջնորդներ, սա ազգային պայքար է։ Վանեցյանը նաև նշել է, որ Իշխան Սաղաթելյանն էր կատարում համակարգման ողջ աշխատանքը և ունեցել է մեծ ներդրում պայքարում։