Պետբյուջեից մարզպետարաններին կտրամադրվի 268.5 միլիոն դրամ. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Մանրամասներ

Կառավարությունն այսօր ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է պետական բյուջեից համաֆինանսավորմամբ մարզպետարաններին տրամադրել 268.5 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու ակնկալիքով:

Նախագիծը Կառավարության նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Դրանք վերաբերում են 18 բնակավայրի 20 սուբվենցիոն ծրագրերին: Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզում 3 ծրագիր՝ 54 միլիոն դրամ, Արմավիրի մարզում 6 ծրագիր՝ 81 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում 5 ծրագիր՝ 181 միլիոն դրամ, Կոտայքի մարզում 2 ծրագիր՝ 202 միլիոն դրամ, Լոռու մարզում 2 ծրագիր՝ 35 միլիոն դրամ, Շիրակի մարզում 1 ծրագիր՝ 4.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզում 1 ծրագիր՝ 53 միլիոն դրամ»,- մանրամասնեց Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղվա1ծ են համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը:

Գնել Սանոսյանը նաև հայտնեց, որ ծրագրերը բոլորն ավարտված են:

«Կառավարության պարտավորությունն ենք իրականացնում՝ շինարարներին իրենց աշխատանքի համար վճարելով: Հունվարից մենք 229 ծրագրի համար արդեն 5.6 միլիարդ դրամ տրամադրել էինք, ևս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում»,- պարզաբանեց նախարարը: