Հնդկաստանը շատ ավելին է, քան Բոլիվուդը, փղերը, թեյն ու յոգան

Մանրամասներ
ա

Հայ և հնդիկ ժողովուրդների պատմաքաղաքական սերտ շփումներն ու առնչությունները հազարամյակների պատմություն ունեն, որոնք սկսվել են հնագույն՝ դեռևս մինչքրիստոնեական ժամանակներից ու հասել մինչև մեր օրերը: Ու քանի որ հայերի և հնդիկների պատմական, լեզվական, մշակութային, միջժողովրդային, հասարակական կապերն ու ընդհանրություններն այդքան շատ են՝ բնական է, որ այսօր շատ բարեկամական են նաև Հայաստանի և Հնդկաստանի միջպետական հարաբերությունները: Այդ մասին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Կիշան Դան Դեվալը:

Հայկական պետական լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցի ընթացքում Հնդկաստանի դեսպանը պատասխանել է հայ-հնդկական փոխհարաբերությունների գրեթե բոլոր հիմնական ասպեկտներին վերաբերող հարցերին՝ գնահատելով միջպետական հարաբերությունների ընդհանուր մակարդակն ու հետագա զարգացման հեռանկարները 30-ամյա դիվանագիտական շփումների արդյունքներով:

Հայ-հնդկական պատմական առնչությունների համատեքստում շատ ուշագրավ են դեսպան Դեվալի հիշատակած պատմական աղբյուրները, որոնց համաձայն դեռևս մ.թ.ա. 50 թվականին հնդիկ երկու արքայազն մեծաթիվ բնակչության հետ միասին արտագաղթել է Հնդկաստանի Կաննուջ քաղաքից և հաստատվել Արևմտյան Հայաստանում, որտեղ տեղի հայ բնակչությունը մեծ սիրով ու հյուրընկալությամբ է ընդունել նրանց:

Ժամանակի ընթացքում միգրացիոն շարժեր եղել են նաև հակառակ ուղղությամբ: Հատկապես ուշ միջնադարում՝ 16-18-րդ դդ., Հայաստանից, Նոր Ջուղայից մեծ թվով հայեր են գաղթել դեպի Հնդկաստան և հաստատվել Ագրա, Կալկաթա, Մադրաս, Բոմբեյ և այլ քաղաքներում՝ հիմնելով Հնդկաստանի նշանավոր հայ համայնքն ու ակտիվորեն ներգրավվելով տեղի առևտրատնտեսական ու հասարակական կյանքում: Նրանց մեջ շատ էին հատկապես առևտրականները, զինվորականները, պետական ծառայողները, օրինակ՝ հայտնի հայ վաճառական խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը (1680-1751) կամ օրինակ՝ 1760-ական թթ.  Բենգալիայում անգլիացի գաղութարարների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատար Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան): Հենց այս համայնքում են Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը և այլ ականավոր հայ գործիչներ 1770-ական թթ. հիմնել Մադրասի նշանավոր խմբակը, որը մեծ դեր պիտի խաղար այն ժամանակ դեռևս օտար տիրապետության տակ գտնվող Հայաստանի ազգային-ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում:

«Հայերն են կառուցել առաջին արևմտյան կրթական հաստատությունը Կալկաթայում: Նույնիսկ՝ բրիտանացիներից ավելի վաղ: Հայերն են կառուցել Հնդկաստանի հնագույն հայկական եկեղեցիները Կալկաթայում և Չեննայում», – իր հերթին հավելում է Հնդկաստանի դեսպանը:

Կիշան Դան Դեվալի խոսքով՝ վերջին 30 տարիներին հայ և հնդիկ ժողովուրդներն ավելի են մտերմացել, հայ-հնդկական հարաբերություններն էլ էապես բարելավվել են: Իսկ վերջին երեք տարվա ընթացքում, ինչպես հնդիկ դիվանագետն է ասում, ահռելի աճ է գրանցվել Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական բարձր մակարդակի ակտիվ շփումները: Այս համատեքստում դեսպան Դեվալը պատմել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի՝ 2021 թ. հոկտեմբերին Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցի մանրամասները:

Հնդկաստանի դեսպանը նաև առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել իր երկրի մասին հայ հասարակությունում, ինչպես և նախկին խորհրդային այլ երկրներում գլխավորապես Ռաջ Կապուրի հանրահայտ ֆիլմերից ձևավորված պատկերացումների և իրական, ավելի ժամանակակից Հնդկաստանի տարբերությունների վրա՝ շեշտելով, որ Հնդկաստանը շատ ավելին է, քան Բոլիվուդի ֆիլմերը, փղերը, թեյն ու յոգան:

«Հնդկաստանը շատ ավելին է, քան այդ ամենը, և իրական Հնդկաստանը տեսնելու համար պետք է այցելել այդ երկիր»,- ընդգծել է դեսպանը:

Շարունակությունը՝ այստեղ