Այս ամենը կարճ է տևելու, քանի որ կտրուկ փոփոխությանը շուկան աստիճանաբար սովորելու է․ տնտեսագետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Դոլարի արժույթի անկումն անկանխատեսելի է, չեմ կարող ասել, թե այն դեռ որքան կնվազի, սակայն նշեմ՝ գործընթացը երկար չի շարունակվի, քանի որ դրա վրա ազդող գործոնները կարճաժամկետ են և ոչ ֆունդամենտալ:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով դոլարի արժույթի անկմանը՝ ասում է տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ ընդգծելով՝ պատճառները մի քանիսն են:

Նշենք, որ այսօրվա դրությամբ բանկերում դոլարի առքը միջինում 418 դրամ է, վաճառքը՝ 427 դրամ։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ հունիսի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 419.69 դրամ: Նկատենք, որ դեռևս մեկ ամիս առաջ այն 470 դրամի սահմաններում էր։

Տնտեսագետի խոսքով՝ ամենից մեծ ազդեցությունը արտարժույթային մեծ ներհոսքն է:

«Եթե նայենք Կենտրոնական բանկի պաշտոնական թվերը, ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան փոխանցումներն արտառոց մակարդակի են հասնում: Մարտին փոխանցումները գերազանցել են 100 միլիոն դոլարը, նախորդ տարիներին եղել է 70-80 միլիոն դոլար: Ապրիլին գերազանցել է 200 միլիոն դոլարը: Փետրվար-մարտ-ապրիլ ամիսներից ֆիզիկական անձանց կողմից ՌԴ-ից 430 միլիոն դոլարի փոխանցում է եղել Հայաստան, անցած տարի նույն ամիսներին մոտ 170 միլիոն էր կազմում: Շուկայում ավելանում է արտարժույթի քանակը, ինչը որոշակի ճնշումներ է ունենում փոխարժեքի վրա»,- նկատում է զրուցակիցը:

Քթոյանը վստահեցնում է՝ այս ամենը կարճ է տևելու, քանի որ կտրուկ փոփոխությանը շուկան աստիճանաբար սովորելու է:

«Շուկայում հայտնվում է էժան արտարժույթ, և ֆիզիկական անձինք, որոնք գործ չունեն արտարժույթի հետ, նախընտրում են դրամը փոխել արտարժույթով՝ ապագայում շահույթ ստանալու նպատակով: Սա նույնպես իր ազդեցությունն ունենալու է: Բացի այդ, որքան էլ դիտարկենք ռուս-ուկրաինական հակամարտության երկարատևությունը և ենթադրենք, թե այն կարող է դեռ 6 ամիս էլ շարունակվել, դեռ չի նշանակում, թե նույն ժամանակահատվածով արտարժույթը կշարունակի մնալ Հայաստանում: Քանի որ ՌԴ քաղաքացիները նոր են տեղափոխվել Հայաստան, սկզբնական շրջանում նրանց ծախսերը մեծ են, հետո դրանք ընթացիկ են լինելու և նվազելու են: Բացի այդ, հակամարտության երկարաձգման դեպքում որոշ այցելուներ կքննարկեն այլ երկիր տեղափոխվելու հարցը, քանի որ մի հատվածի համար մեր երկիրը կարճաժամկետ լուծում է, երկարաժամկետ լուծում կարող է լինել որևէ ծովափնյա երկիր. իրենց ինչ պետք է, այլ երկրներում էլ կա, որպես բոնուս՝ նաև ծովը»,- ասում է տնտեսագետը:

Վերջինս նշում է՝ անորոշություններով պայմանավորված՝ որոշ տնտեսավարողներ ներմուծում չեն իրականացնում, ինչը բերում է նրան, որ արտարժույթի պահանջարկն այն մակարդակի չէ, որը կարող էր լիներ:

«Դոլարի փոխարժեքի նվազումը ամենից շատ ազդում է արտահանման վրա: Խնդիրների են բախվում նաև այն մարդիկ, ովքեր եկամուտ են ստանում արտարժույթով: Բայց նաև կա դրական ազդեցություն. պետությունը 2023-2024 թվականների արտաքին պարտքի սպասարկման և մարման գծով 800 միլիոնից մինչև 1,2 միլիարդի վճարումներ պետք է կատարի արտարժույթով: Դրամի արժևորումը բերում է նրան, որ այդ մարումների ծանրությունը որոշակիորեն թեթևանալու է: Մեկ բան է 1 միլիարդը վճարել 500 դոլարով, մեկ այլ բան՝ 450 դոլարով: Ստացվում է՝ ծախսը այս դեպքում պակասում է»,- կարծում է Քթոյանը:

Անդրադառնալով դոլարի արժույթի նվազման և ՀՀ-ում գնաճի կապին՝ տնտեսագետը նշում է՝ գնաճը Հայաստանում ներմուծվող բնույթ ունի. «Համաշխարհային շուկաներում գրանցվում է գների բարձր մակարդակ, համապատասխան ապրանքները ներմուծելով՝ մենք տեսնում ենք նաև գնաճ: Արժևորված դրամի պարագայում հնարավորություն է ընձեռվում որոշակի չափով գնաճի ազդեցությունը նվազեցնել»:

Գնաճի զսպման և տնտեսության խթանման հարցում էլ, Քթոյանի խոսքով, ճիշտը հավասարակշռության հաստատումն է:

«Երկուսն էլ ծախսեր են ենթադրում: Բարձր գնաճը խնդրահարույց է, բայց գնաճի զսպումն էլ տնտեսական ակտիվությունն է զսպում: Գնաճի համար սահմանվում է ուղենիշային մակարդակ, որը համարվում է կոմպրոմիսային: Դա Կենտրոնական բանկի խնդիրն է, սակայն հիմա գնաճը ուղենիշային մակարդակից բարձր է, հավասարակշռություն հնարավոր չէ պահել, բայց եռամյա ժամանակաշրջանում հնարավոր է գնաճը վերադարձնել միջակայք, հավելյալ զսպումները գնաճի կարող են խաթարել տնտեսական ակտիվությունը»,- կարծում է զրուցակիցը: