«Լաոյի փնտրտուքները» մեծացնելու են պատերազմի վերսկսման հավանականությունը. Քոչարյան

Մանրամասներ
ա

Արդեն գրեթե 2 ամիս է՝ Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները, որոնք չունեն որևէ բովանդակային օրակարգ և որոնք միայն նպատակ ունեն խաթարելու մեր պետության ներքին կայունությունը: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաներին ու դրանց հետևանքներին:

«Հանրահավաքներին շատ է հնչում «Զարթնի՛ր, լաո» ժողովրդական երգը, որը որևէ աղերս չունի ո՛չ ցույցերի, ո՛չ դրանց հետապնդած նպատակների հետ:

«Զարթնի՛ր, լաո»-ն ի սկզբանե կոչ էր՝ ուղղված արտաքին թշնամու դեմ միասնական պայքար ու դիմադրություն կազմակերպելուն, իսկ այժմ ընդդիմադիրների ձեռքով այն դարձել է անհասկանալի փողոցային պայքարի, ներքին թշնամանք հրահրելու գործիք, որը, այդուհանդերձ, ընդդիմության համար ցանկալի արդյունք չի ապահովում: Պատճառը մեկն է՝ պայքարի արհեստածին նպատակներն ու կեղծ օրակարգը, խաղաղ ցույցերի փոխարեն մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում կազմակերպված զանգվածային անկարգությունների և քաղաքային անդորրը խարխլող գործողությունների: Իրական լաոն միշտ է արթուն:

Դա տեսանելի էր դեռևս 2020 թվականին, երբ պատերազմի ընթացքում մեր փառքով ընկած հերոսներն ու նրանց ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին մեր պետության միակ՝ արտաքին թշնամու դեմ՝ երաշխավորելով մեր երկրի անվտանգ ապագայի հեռանկարները: Եւ հենց իրենք՝ մեր երկրի իրական տերերը, որոնք ոչ մի պարագայում թույլ չեն տալու ներքին անհաշտություն։ Իսկ ընդդիմության լաոյի փնտրտուքները մեր պետության համար ոչ միայն որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու, այլև շարունակվելու դեպքում մեծացնելու են հետագայում պատերազմի վերսկսման հավանականությունը։ Ակնհայտ է, որ ինչպես այս անհասկանալի փողոցային պայքարը, այնպես էլ նմանատիպ բոլոր դրսևորումները  մերժվելու են հասարակության կողմից»,- ասաց Քոչարյանը:

Վերջինս նշեց, որ տիրող աշխարհաքաղաքական պայմաններում իշխանությունների կարևորագույն խնդիրը ներքին համերաշխության ապահովումն ու արտաքին խաղաղության օրակարգին անշեղորեն հետևելն է։