Եվրահանձնաժողովը Ուկրաինային ԵՄ պաշտոնական թեկնածուի կարգավիճակ տրամադրելու երաշխավորություն կտա, սակայն վերջնական որոշումը մնում է Եվրոպական խորհրդին, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների, որոնք ծանոթ են երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած քննարկումներին, տեղեկացնում է BBC-ն։
Քննարկումները հետեւել են հանգստյան օրերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի անսպասելի այցին Կիև, որտեղ նա նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության հայտը: Ռուսական ներխուժման սկզբից ի վեր սա նրա երկրորդ այցն էր Ուկրաինա։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս կոչ են արել Ուկրաինան պաշտոնապես ճանաչել որպես ԵՄ անդամության թեկնածու երկիր:
Պաշտոնյաները, ովքեր տեղյակ են Եվրահանձնաժողովի անդամների քննարկումներին, ասել են, որ իրենք հստակ հասկանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուժեղ ուղերձ հղելու անհրաժեշտությունը, որ նա կորցրել է Ուկրաինան իր ազդեցության գոտի վերադարձնելու ցանկացած հնարավորություն:
«Հանձնաժողովը չի մոռանում, որ Ուկրաինան միակ երկիրն է Եվրոպայում, որտեղ մարդիկ են զոհվել, որտեղ մարդիկ գնդակահարվել են, քանի որ նրանք փողոցներում կանգնած են եղել ԵՄ դրոշներով»,- Politico-ին ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այժմ մենք չենք կարող ասել՝ կներեք, դուք սխալ դրոշակներ էիք ծածանում»:
Ուկրաինային որպես թեկնածու երկիր ճանաչելու համար անհրաժեշտ է ԵՄ 27 պետությունների և կառավարությունների ղեկավարների միաձայն հավանությունը, նրանք այս հարցը կքննարկեն հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ Պաշտոնյաներն ու դիվանագետներն ասել են, որ առնվազն երեք երկիր դեռ դեմ է դրան:
0Comments