Եկատերինբուրգում հայ տղամարդը 3 երեխայի կյանք է փրկել

Նա կարողացել է երեխաներին դուրս բերել այրվող տնից

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից փրկել է 3 երեխայի:
Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան մոտով և նկատել է հրդեհը: Նա կանգ է առել և գնացել այրվող տան ուղղությամբ: Տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում՝ նա ներս է մտել և տնից դուրս բերել երկու 12-ամյա աղջիկներին ու 10-ամյա տղային: Երեխաներից ոչ ոք չի տուժել:
«Համոզվելով, որ տանն այլևս ոչ ոք չկա` նա երեխաներին հարևանուհու մոտ է տարել»,- ասված է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սվերդլովսկի մարզային գլխավոր վարչության մամուլի հրապարակման մեջ:
Հաղորդվում է նաև, որ ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը կպարգևատրվի: