Պարտության ուրվականը թակում է Ռուսաստանի դուռը․ Կոնստանտին Տեր-Նակալյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Պարտության ուրվականը թակում է Ռուսաստանի դուռը

Ռուս-Ուկրաինական պատերազմը արդեն ավելի քան 100 օր մոլեգնում է, իսկ ամենաարմատական խնդիրը, որն ակնհայտ էր պատերազմի առաջին իսկ օրից, Ռուսաստանը դեռ չի կարողանում լուծել։ Այդ ակնհայտ խնդիրը, որքան էլ տարօրինակ թվա, 140 միլիոնից ավել բնակչություն ունեցող պետության համար՝ մարդաքանակն է։ Կամ, եթե կցանկանաք՝ գլխաքանակը։ Ու այդ խնդիրը այսբերգի միայն երևացող մասն է։

Օպերացիայի մեկնարկային սցենարը, որով Ուկրաինա ներխուժեցին 3 կողմերից, պայմանավորված էր երկու նկատառումներով. քիչ հավանական սցենարն այն էր, որ մասշտաբներից ու խառնաշփոթից, ինչպես նաև՝ ուկրաինական հինգերորդ շարասյան ջանքերի շնորհիվ, դա կբերի դոմինոյի էֆֆեկտի ու ռուսական բանակը մի քանի օրում շքերթով կմտնի Խարկով ու Կիև, իսկ եթե դա չստացվեր, ապա միևնույն է, երկրորդ ու ավելի հավանական սցենարի տրամաբանությամբ՝ էլի արդարացված քայլ էր, որովհետև Ուկրաինայի ԶՈւ-ն ստիպված կլիներ ջլատել իր ուժերն ու տպավորիչ զորախմբեր պահել երկրորդական նշանակություն ունեցող ուղղություններում՝ չկարողանալով ակտիվ զորաշարժեր անել դեպի հիմնական ուղղություններ։ Մեծ հաշվով՝ այդպես էլ եղավ ու ռուսները կարողացան վերցնել գրեթե ամբողջությամբ Խերսոնի շրջանը, շրջափակել և այնուհետև գրոհով վերցնել Մարիուպոլը, հիմա էլ Սեվերոդոնեցկ-Լիսիչանսկ հատվածում են ավարտին մոտեցնում հերթական մինի շրջափակումը։

Այդուհանդերձ՝ այս ամենը լավ օրից չէ ու առավելապես պայմանավորված է մեկ հիմնական գործոնով. Ռուսաստանը չէր կարողացել ու հիմա էլ չի կարողանում ներգրավել բավարար թվով զորախումբ, որպեսզի կարողանա կյանքի կոչել ավելի մասշտաբային ռազմավարություններ։ Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ Ուկրաինայի արևելքն ու հարավը գրավելու և էֆֆեկտիվ օկուպացիայի ենթարկելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 0.5 միլիոնանոց զորախումբ, իսկ ամբողջ Ուկրաինայի պարագայում՝ 1-1.2 միլինանոց զորախումբ, այնինչ, բուն ռուսական ԶՈՒ-ն մարտական գործողությունների պիկին ներգրավել է ոչ ավել, քան 100 գումարտակային տակտիկական խմբեր, որը կազմում է 100-120 հազար սվին և մոտ 50-60 հազար հոգի էլ մոբիլիզացվել է Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կողմից։

Համեմատության համար, փետրվարի 23-ի դրությամբ միայն ուկրաինական բանակի ակտիվ թվակազմը մոտ 230.000 էր, իսկ այլ ուժային կառույցների զորքերն էլ եթե հաշվենք, այդ դիվը մոտենում է 400000-ի։ Սրան էլ գումարեք, որ Ուկրաինան մոբիլիզացիայի 4-5 ալիք է արել, ինչը թույլ է տվել լրացնել 3 ամսում կրած բոլոր մարտական կորուստները՝ թե՛ զոհերի, թե՛ վիրավորների, թե՛ գերիների հաշվարկով, իսկ ըստ որոշ տեղեկությունների, արդեն իսկ պատրաստում են մինչև 40.000 հոգի, որոնք հիմա պատրաստություն են անցնում արևելաեվրոպական մի շարք երկրներում, որպեսզի այս ամռվա վերջ-աշուն ժամանակահատվածում դաշտ հանեն ամբողջովին ՆԱՏՕ-ական տեխնիկայով զինված ու դրան տիրապետող հարվածային կորպուս։

Նույն ժամանակամիջոցում Ռուսաստանը չի կարողացել որևէ ադեկվատ լուծում գտնել։ Տպավորություն է, որ այդ երկրում իրոք Կոզիրևի խոսքերը լուրջ են ընդունել ու ազգային գաղափարախոսության լավագույն տարբերակը համարում են փողը և պարզապես փողով փորձում են լրացնել մարդկային ռեսուրսի պահանջարկը։ Դրա համար էլ լսում ենք ինչ-որ աստղաբաշխական թվացող թվերով պայմանագրային կարճաժամկետ ծառայության տարբերակների մասին, երբ կարելի է ամսեկան 4-10 հազար դոլար վաստակել։

Սակայն, արի ու տես, որ Ռուսաստանում էլ քիչ են մարդիկ, որոնք պատրաստ են անգամ այդ պայմաններում վտանգել իրենց կյանքը, դրա համար ռուսներն առ այսօր ոչ միայն չեն կարողանում նոր պայմանագրայիններով մեծացնել զորախմբի թվակազմը, այլ խնդիրներ ունեն անգամ գործող թիվը պահպանելու հետ, երբ պետք է լրացնել զոհվածներին ու վիրավորվածներին ու կազմակերպել ռոտացիա, որովհետև ով ուզում ես եղի, ինչ ուզում ես եղի, փսիխիկադ չի կարող դիմանալ ամիսներ շարունակ առաջնագծում գտնվելու սթրեսսին։ Ու դա խիստ տրամաբանական է. շատերը կարող են պատրաստ լինել սպանել հանուն փողի, բայց միայն ամբողջովին դեկլասիֆիկացված տարրը կարող է պատրաստ լինել մեռնել հանուն փողի։ Ի դեպ, նաև սրանով է պայմանավորված ռուսական կողմի զոհերի աշխարհագրությունը, երբ օրինակ՝ Մոսկվային հաստատված զոհերի թիվը մի քանի հոգի է, իսկ օրինակ՝ Դաղստանից՝ հարյուրից ավել։

Պատերզամի այս փուլում ակնհայտ է, որ Ռուսաստանի ամենամեծ խնդիրը ոչ պատժամիջոցներն են, ոչ զենքը, ոչ էլ զորքի որակը։ Ռուսաստանի ամենամեծ խնդիրը ներքին է ու կրում է հենց որակական ու գաղափարական բնույթ։ Ցանկացած պատերազմ, նախևառաջ, համակարգերի բախում է և հաղթում է այն համակարգը, որն ավելի ճկուն է պատերազմական իրողություններին ադապտացվելու հարցում և ավելի որակով է տնօրինում իր ռեսուրսները։ Ակնհայտ է, որ Ուկրաինան, որ ունի գրեթե 4 անգամ ավելի փոքր բնակչություն, առանց որևէ էական ներքին ցնցումերի ու ռազմական ուղիղ ներգործության ներքո, կարողանում է մոբիլիզացիա էլ իրականացնել, իր ներսի 5րդ շարասյանն էլ մաքրել, հակագրոհել, ձախողվել ու ձախողումից հետո, էլի հակագրոհել։ Ու որ էլ ավելի կարևոր է՝ Ուկրաինան կարծես թե խնդիր չունի բացատրելու իր հասարակության ճնշող մեծամասնությանը, թե ինչու է պետք պատերազմել ու ինչու պետք չէ միտինգ անել, եթե զորակոչվել ես, իսկ Ռուսաստանն այս խնդիրն ունի։

Այո՛, վաղուց ակնհայտ է, որ Ռուսաստանը պատրաստ է 1, 5 կամ 10 հազարով ավելի շատ կորուստ ունենալ, բայց պատրաստ չէ իր հասարակությանը շիտակ ասել, որ տեղի ունեցողը ոչ մի հատուկ ռազմական գործողություն էլ չէ, այլ հալալ-զուլալ պատերազմ է, որ պատերազմում հաղթելու համար պետք են ջանքեր, ջանքերն էլ ենթադրում են ոչ միայն սովորական դարձած ստաբիլության ու բարեկեցության նահանջ, այլև՝ մոբիլիզացիա։ Ու քանի դեռ Ռուսաստանում այս կրավորական կեցվածքն է պատերազմի նկատմամբ, մեծանալու են այս պատերազմում Ռուսաստանի պարտության շանսերը, որոնք արդեն իսկ փոքր չեն։ Ու սա լոկ սուրճի բաժակ նայելով չեմ ասում։

Ռուսաստանը ունի շատ լուրջ խնդիր, որին մենք բախվեցինք 44օրյա պատերազմի 4րդ օրվանից ավելի սաստիկ ձևով՝ ադեկվատ լրահամալրման բացակայություն։ Պատերազմի այսպիսի ինտենսիվության պարագայում, հեռու չէ այն օրը, երբ ռուսների դուռն է ծեծելու այն իրողությունը, երբ դու կարողանում ես դաղստանյան ինչ-որ աուլից մեկին 220 հազար ռուբլի աշխատավարձ խոստանալով պայմանագիր ստորագրել տալ, բայց հասկանում ես, որ էդ աուլի բալամը բացի հրաձգային զենք օգտագործելուց, ուրիշ բանի պիտու չէ, իսկ քեզ պետք են հրետանավորներ, տանկիստներ, օդաչուներ, սակրավորներ, որոնց թիվը պետք է լրացնել, իսկ դաղստանյան աուլում օդաչու ու հրետանու հաշվարկող չկա, իսկ Ուկրաինայում կա, ով էլ չգիտեր՝ Լեհաստանում սովորել ա։ Ու որպես արդյունք՝ Ռուսաստանը, որն ունի 140-ից ավել միլիոն բնակություն ու պահուստավորած 30.000 տանկ, կարող է չունենա էն 14000 մոտիվացված ռազմիկին ու 300 տանկիստին, որոնք մինչև վերջին շունչ կպահեն իրենց դիրքերը՝ ենթարվելով գրոհի 40000-ոց ուկրաինական զորախմբի կողմից, որը զինված ու վերապատրաստված կլինի ՆԱՏՕ-ական զենքով ու չափանիշներով։

Կոնստանտին Տեր-Նակալյան