Մեծ Բրիտանիան անցել է 4-օրյա աշխատանքային շաբաթվա. աշխատավարձը պահպանվել է

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի 70 ընկերությունում ավելի քան 3300 աշխատող անցել է չորսօրյա աշխատանքային շաբաթվա՝ միևնույն ժամանակ չունենալով աշխատավարձի կրճատում: Այս մասին հայտնում է Sky News-ը։

Չորսօրյա գրաֆիկով պիլոտային նախագիծըմ որն իր տեսակով աշխարհի մասշտաբով խոշորագույնն է, կտևի վեց ամիս։ Այն հիմնված է 100:80:100 մոդելի վրա։ Այսինքն՝ ամբողջական վարձատրություն՝ աշխատաժամի 80%-ի համար՝ լիարժեք արտադրողականությունը պահպանելու պարտավորությամբ:

Փորձագետները համաձայնել են, որ Մեծ Բրիտանիայում շատ մեծ պահանջարկ է վայելում  քառօրյա աշխատանքային շաբաթվա ձևաչափը։ Այժմ, կորոնավիրուսային համավարակից դուրս գալուց հետո, ավելի ու ավելի շատ ընկերություններ փորձում են բարելավել իրենց աշխատողների կյանքի որակը: Պիլոտային ծրագրին մասնակցող որոշ ընկերություններ իրենց աշխատակիցներին տրամադրում են նաև կրթություն, աշխատավայրում խորհրդատվություն, մաշկի խնամքի ծառայություններ, սնունդ, խմիչքներ և այլն:

Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նման նախաձեռնությամբ բրիտանական իշխանությունները ոչ թե ցանկանում են բարձրացնել բնակչության կյանքի որակը, այլ միայն ցանկանում են խնայել գումարները։ Բանն այն է, որ աշխատուժի արտադրողականությունը պահպանելով՝ ընկերությունների համար էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և այլ ծառայությունների արժեքը կնվազի առնվազն 20%-ով։ Այն պայմաններում, երբ երկրում էլեկտրաէներգիան կտրուկ թանկացել է, նման որոշումը կարծես թե արդարացված է։