Ջրբաժան, ճամփաբաժան, վճռական օր... չե՞ք հոգնել, հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, նման անպտուղ հայտարարություններից․ Արսեն Թորոսյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է ընդդիմության գործողույուններին ու հայտարարություններին։ Ըստ իշխանական պատգամավորի՝ այդ հայտարարություններն անպտուղ են․«Ջրբաժան, ճամփաբաժան, վճռական օր, վճռական փուլ, բեկումնային իրավիճակ, երկիշխանություն, իշխանությունը խուճապի մեջ է, իշխանությունը փլվում է և այլն, և այլն...

Չե՞ք հոգնել, հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, նման անպտուղ հայտարարություններից և ձեր իսկ համակիրներին կամ հետևորդներին մոլորեցնելուց:

Չե՞ք հասկացել, ի վերջո, որ 2018 ու 2021 թվականների ԱԺ ընտրություններից հետո ձևավորված իշխանությունը, անկախ քաղաքական ուժի անվանումից, այլևս նախկին իշխանությունների պես չի կարող լինել իր բնույթով, իր նկատմամբ վերաբերմունքով, իր նկատմամբ հնչող քննադատության արդյունավետությամբ: Այդ ընտրություններն արտահայտել են ընտրողների իրական կամքը, որքան էլ դա ձեր «սրտով» չլինի:

Չե՞ք հասկացել, արդյոք, որ փակուղու մեջ եք, որպես քաղաքական ուժ, որ նման մեթոդներով ո'չ ձեր ընթացիկ ռեյտինգն եք ավելացնելու, ո'չ էլ մյուս ընտրություններին ձեր պոտենցիալ քվեն:

Չե՞ք հասկանում, ի վերջո, դուք հարգելի գործընկերներ, որ ձեր` ներքին «թշնամիներ» որոշելու, այդ թշնամիներին տարատեսակ անուններ կպցնելու և դրանց դեմ տրամաբանությանը հակառակ գործիքներով (դրոշներ, երգեր և այլն) պայքարելու գործելաոճը տապալվել է:

Չե՞ք հասկացել արդյոք, որ ձեր ամբողջովին կեղծ, արդեն հնացած, կոնտրպրոդուկտիվ, տասնյակ տարիներ շատերին մոլորեցնող օրակարգի դեմքը այլևս պատռված է:

Ե՞րբ եք ի վերջո այս ամենը հասկանալու...

Հ.Գ. ցանկացած իշխանություն և քաղաքական ուժ ունենում է սխալներ և թերացումներ: Առողջ քաղաքական ուժերը խոսում են դրանց մասին և պարբերաբար կանգնում ընտրողների դատի առջև արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ, եթե դրանք արդար են անցնում (դրանք արդեն 4 տարի է արդար են անցնում): Անառողջ կամ հակաժողովրդավար ուժերը չեն ընդունում իրենց սխալները, չեն խոսում դրանց մասին ընտրողների հետ, մերժում են իշխանության ձևավորման դեմոկրատական գործիքները և ուզում են տիրանալ իշխանությանը հենց այնպես, առանց ընտրությունների, ինչն իհարկե չի ստացվելու: Չի ստացվելու, ոչ թե, քանի որ մենք կառչած ենք իշխանությունից, այլ քանի որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը պետք է լինի բացարձակ արժեք և ոչ-ոք չպետք է սասանի այդ արժեքը»: