Մեզ համար ժամանակ շահելու ամենահավանական երաշխիք կարող է հանդիսանալ միայն ազգային պետությունը․ Պետություն, որը դատապարտված է լինել պաշարված ամրոց․ «ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ

Մանրամասներ

Հասարակական վարքագիծը ձևավորելու համար ժամանակը, անշուշտ, ռազմավարական գերակայություն է, և մարտավարական պլանավորումն անհրաժեշտ է նախատեսել՝ ելնելով հենց այդ ռազմավարական գերակայությունից: Մեզ համար ժամանակ շահելու ամենահավանական երաշխիք կարող է հանդիսանալ միայն ազգային պետությունը: Պետություն, որը, թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական և թե՛ գաղափարական նկատառումներից ելնելով, դատապարտված է լինել պաշարված ամրոց: Պետք է կերտել պաշտպանիչ օղակներ, ամրոցից դուրս կառուցել մարտահրավերներին համապատասխան պատեր, իսկ ներսում վարել իրավիճակին համահունչ տնտեսական և սոցիալական քաղաքականություն: Ռազմավարական նպատակից է բխում կերտել այնպիսի ենթակառուցվածքային ներուժ, որը թույլ կտա պատերազմել 40 տարի շարունակ՝ գտնվելով շրջափակման մեջ և վարելով բազմահարկ շրջանաձև պաշտպանություն` դիվանագիտական, տնտեսական, սոցիալական, գիտական և այլ հարթություններում:

Պետության կառավարման մոդելը և տնտեսությունը պիտի, առաջին հերթին, կարողանան ապահովել մարտունակ բազմահարկ պաշտպանիչ ենթակառուցվածքներ, երկրորդ հերթին` դրական ժողովրդագրական դինամիկա, երրորդ հերթին` պատշաճ կրթություն իր քաղաքացիների համար, չորրորդ հերթին` վստահելի դաշնակցային հարաբերություններ այն արտաքին սուբյեկտների հետ, որոնց հետ մեր պետությունն ունի շահերի բնական ընդհանրություն: Սրանք են չորս հիմնական մարտավարական գերակայությունները:

Վերոհիշյալ մարտավարական գերակայություններին հասնելու նպատակով օպերատիվ մակարդակում անհրաժեշտ է ձեռնարկել բարեփոխումների լայնածավալ աշխատանք:

Պաշարված ամրոցում յուրաքանչյուր մարդ քաղաքացի լինելուց զատ նաև զինվոր է՝ անկախ սեռից և տարիքից: Յուրաքանչյուր անձ պիտի հստակ իմանա իր տեղն ու անելիքը, թե՛ պասիվ պաշտպանական գործողությունների ընթացքում (աշխատավայրում կամ կրթական հաստատությունում) և թե՛ ակտիվ պաշտպանական գործողությունների ժամանակ (առաջնագծում կամ թիկունքում): Դիվանագիտական կորպուսը, զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, պետական հաստատությունները և սփյուռքի կենսունակ օղակները պիտի ինստիտուցիոնալ կերպով նախապատրաստվեն հարատև, տասնամյակներ ձգվող մարտական գործողություններին:

«ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ,

Մաս 7, շարունակելի․․․

Մաս 1

Մաս 2,

Մաս 3,

Մաս 4,

Մաս 5,

Մաս 6