Փաշինյանը կհարցաքննվի, դատախազի կողմից կա ցուցում

Մանրամասներ

1

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի դիմաց էին։

5 օր առաջ զինծառայողների ծնողները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել,  դիմել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և հանդիպում պահանջել։  

Ծնողներին ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանի և ծնողների միջև հանդիպումը այսօր չի կարող կայանալ, քանի որ Քյարամյանը տեղում չէ։

«Լրացուցիչ հանդիպման հետ կապված օր, ժամ կպայմանավորվենք։ ՔԿ-ում տեղյակ չէին, որ ծնողները պետք է գային, դրա մասին իմացել են այն ժամանակ, երբ եկել եք այստեղ։ Պարոն Քյարամյանը երբեք ոչ մի հանդիպում չի մերժել ծնողների հետ, հեռագա հանդիպման համար կպայմանավորվենք ձեզ հետ»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը։

Ծնողների հարցին, թե լինելու՞ է Փաշինյանի հարցաքննություն, թե՝ ոչ, ՔԿ պաշտոնյան պատասխանեց․

«Այո՛, հարցաքննվելու է, դատախազի կողմից կա ցուցում»,-հայտարարեց ՔԿ պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին ԱԺ–ում Փաշինյանը հայտարարել էր՝ «պատերազմը կարող էինք կանխել, որի արդյունքում կունանայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի»։

Այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների մի շարք ծնողներ միջնորդություն էին ներկայարցել Դատախազություն։ Հավելենք նաև, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է։