Ուկրաինան կստանա իր ուզած զենքը․ Բայդենը նշել է նպատակները

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը New York Time-ում սյունակ է գրել Ուկրաինայի պատերազմի և այս երկրին ԱՄՆ օգնության նպատակների մասին։ Բայդենը գրում է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինայի Զինված ուժերին զենքով, իսկ Ուկրաինային՝ ֆինանսավորմամբ, սակայն ցանկանում է, որ պատերազմը մնա երկրի սահմաններում։ BBC-ն մեջբերումներ է հրապարակել նրա հոդվածից․

«ԱՄՆ-ի նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա, որը կարող է պաշտպանել իրեն հետագա ագրեսիայից: […] Ուստի ես որոշեցի, որ մենք ուկրաինացիներին կտրամադրենք ավելի լավ հրթիռային համակարգեր և զինամթերք, որը թույլ կտա նրանց առավել ճշգրիտ հարվածել մարտադաշտի առանցքային թիրախներին:

«Մենք Ուկրաինային կոչ չենք անում հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս և հնարավորություն չենք տալիս դա անել մեր որոշմամբ: Մենք չենք ցանկանում շարունակել պատերազմը միայն Ռուսաստանին վնասելու համար: Իմ սկզբունքը այս ճգնաժամի ընթացքում՝ Ուկրաինայի վերաբերյալ չկայացնել որոշումներ առանց Ուկրաինայի մասնակցության։ Ես որևէ ճնշում չեմ գործադրի Ուկրաինայի կառավարության վրա՝ ոչ հրապարակավ, ոչ մասնավոր կարգով՝ համոզելու նրան գնալ տարածքային զիջումների»:

«Ես գիտեմ, որ աշխարհում շատերը մտահոգված են միջուկային զենքի կիրառման հնարավորությամբ: Հենց հիմա մենք որևէ նշան չենք տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է դրանք օգտագործել Ուկրաինայում, թեև նրա կողմից պարբերաբար միջուկային մահակը թափահարելը ինքնին վտանգավոր է և անպատասխանատու: Ուզում եմ հստակ ասել. միջուկային զենքի ցանկացած կիրառում բոլորովին անընդունելի կլինի մեզ և մնացած աշխարհի համար և կհանգեցնի սարսափելի հետևանքների»:

«Մենք չենք ձգտում ՆԱՏՕ-ի պատերազմի Ռուսաստանի հետ: Ինչքան էլ ես համաձայն չեմ պարոն Պուտինի հետ, որքան էլ որ նրա գործողությունները ինձ վայրագ թվան, ԱՄՆ-ը չի ձգտի նրան տապալել Մոսկվայում: Քանի դեռ ԱՄՆ-ը կամ նրա դաշնակիցները չեն ենթարկվել հարձակման, մենք ուղղակիորեն չենք մասնակցի այս հակամարտությանը՝ ո՛չ ամերիկացի զինվորներ ուղարկելով Ուկրաինա կռվելու, ո՛չ էլ ռուսական ուժերի վրա հարձակվելու միջոցով»։

«Վլադիմիր Պուտինը մեզանից չէր սպասում նման միասնության, նա սխալվեց, եթե նա ակնկալում է, որ առաջիկա ամիսներին մենք կփոխենք մեր դիրքորոշումը կամ մեր շարքերում պառակտում կլինի, նա նույնպես սխալվում է»։

Ջո Բայդենի հոդվածի հրապարակումից հետո ԱՄՆ վարչակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյան օգնության հաջորդ փաթեթի որոշ մանրամասներ է ներկայացրել:

Մասնավորապես, ըստ Reuters-ի և AFP-ի, Ուկրաինան կստանա HIMARS M142 բազմակի արձակման հրթիռային համակարգեր, ինչը նա երկար ժամանակ խնդրել է։ Ուկրաինան չի ստանա այս համակարգի համար ամենաերկար հեռահարության արկերը (մոտ 300 կմ), այլ՝ առավելագույնը 50 մղոն (մոտ 80 կմ) հեռահարության արկեր: Սա գերազանցում է ռուսական հրթիռային հրետանու կրակի շառավիղը. «Սմերչը» ունակ է խոցել թիրախները մինչև 70 կմ հեռավորության վրա։

«Այս համակարգերը կօգտագործվեն ուկրաինացիների կողմից՝ ուկրաինական տարածքում ռուսական հարձակումը հետ մղելու համար, բայց չեն օգտագործվի ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ»,- այս արտահայտությունը մեջբերել են երկու գործակալությունները։

Դեռևս հայտնի չէ, թե ԱՄՆ-ն քանի նման կայանք է պատրաստ տրամադրել, մինչդեռ այս պահին ռուսական բանակը հստակորեն գերազանցում է ուկրաինականին հենց հրետանու քանակով, նույնիսկ եթե դրանք որակով զիջում են արևմտյան հրետանուն։