Ութմիլիարդանոց այս մոլորակի վրա մեր երեք միլիոնը կա՛մ կլինի լավագույնը, կա՛մ կմահանա․ «ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ

Մանրամասներ
ադեկվադ

21-րդ դարը կարող է դառնալ մերը, միայն եթե մենք ընդունենք մարտը: Մարտ՝ առաջին հերթին հենց ինքներս մեր դեմ: Մեր մեջի «ստրուկի», լավն ու վատը տեղերով փոխած «աբիժնիկի» դեմ: Մարտ` հանուն իրական բարոյականության գաղափարների վերականգնման, մարտ` հանուն ճշտի, հանուն լավի, հանուն ուժի: Ուժ, որն արտացոլվում է կամքով, այլ ոչ մկաններով կամ բանակով ՝ : Խոհեմ, ողջախոհ ու արի դառնալու կամքով: Բանակը, տնտեսությունն ու բարեկեցությունը ընդամենը կամքի արտացոլումն են:

Ընդ որում, հաշվի առնելով մեր բնական արեալից մնացած չնչին հողակտորը, բնական ռեսուրսները և տեխնոլոգիական առաջընթացը` մենք դատապարտված ենք լինել ոչ թե պարզապես խոհեմ, ողջախոհ, արի ու արդար, այլ ամենախոհեմը, ամենաողջախոհը, ամենաարին ու ամենաարդարը: Ինչպես գիշատիչներն են դատապարտված լինել սննդային շղթայի էլիտայում, այդպես էլ մենք ենք դատապարտված լինել մարդկային տեսակի էլիտայում, այլապես կհարմարվենք, կձուլվենք ու կկորչենք:

Մենք դատապարտված ենք մահվան բոլոր այն դեպքերում, երբ չենք ձգտում լինել ամենալավը: Ութմիլիարդանոց այս մոլորակի վրա մեր երեք միլիոնը կա՛մ կլինի լավագույնը, կա՛մ կմահանա: Չկա հարմարվող փոքրամասնություն, հարմարվողը միաձուլվում է մեծամասնության հետ, դառնում միջակ, միջին վիճակագրական: Փոքրամասնությունը միայն կարող է լինել կա՛մ ճնշող, կա՛մ չլինել առհասարակ: Մենք պետք է մոտենանք Աստծո լույսին, ճանաչենք բնության օրենքները, կրթվենք, կատարելագործվենք, լինենք ամենից լավ, ապրենք ամենից լավ, ու բարձրանանք ամենից վեր:

Սա է նպատակը, որին պետք է ուղղել այն էներգիան ու պասիոնարությունը, որը կուտակվել է դարերով կուտակված վրդովմունքի, խենթության ու բնածին արդարության պահանջի արդյունքում:

Այն, ինչ քայքայվել է հազար տարուց ավել, անշուշտ, հնարավոր չի լինի վերականգնել, բարելավել, շտկել ու 21-րդ դարի մարտահրավերներին համահունչ հունի վրա գցել մեկ տարում կամ նույնիսկ մեկ տասնամյակում: Եթե Մովսեսից պահանջվեց 40 տարի, որպեսզի իր «ստրուկներին» կերպարանափոխված դուրս բերի անապատից, ապա անկախ տեխնոլոգիական և տեղեկատվական պրոգրեսից՝ մեզ անհրաժեշտ կլինի առնվազն նույնքան` մեր «ստրուկներին» դուրս բերելու «անապատից»:

«ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ,

Մաս 6, շարունակելի․․․

Մաս 1

Մաս 2,

Մաս 3,

Մաս 4,

Մաս 5