Խորքային «աբիժնիկության» պատճառով՝ 21-րդ դարը հայկականի փոխարեն դարձավ ադրբեջանական․ «ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ

Մանրամասներ
ադեկվադ

Վազգեն Սարգսյանի սպանությունից երեք շաբաթ անց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ստամբուլյան գրասենյակում ստորագրվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցելու մասին արդեն միջպետական համաձայնագիրը: Համաձայնագիր, որը չէր կայանա, եթե Հայաստանը կարողանար պահել Շահումյանը կամ գոնե չկորցնել Վազգենին:

Դեռևս 1993 թվականից պլանավորվող և 1999-ին վերջապես սկիզբ առած ծրագրով Եվրոպան սկսեց լուծել իր էներգետիկ անվտանգության խնդիրները, ԱՄՆ-ը սկսեց տարանջատել Միջին Ասիան ՌԴ-ից, տարածաշրջանային խաղացողները լուծում էին իրենց տեղական խնդիրները: 21-րդ դարը հայկականի փոխարեն դարձավ ադրբեջանական, քանի որ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, գտնվեց մեկը, ով, կոտորելով սեփական ժողովրդին, եկավ իշխանության։ Կոտորածն էլ բարեհաջող գցեց հայերի վրա:

«Մեր դարի» գաղափարի վախճանը շատ օրինաչափ էր, որից դասեր պետք է քաղվեն: Մենք պարտավոր ենք ուսումնասիրել, վերլուծել և հետևություններ անել Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն դրվագներից, այլապես դատապարտված ենք լինելու անընդհատ բարոյական հաղթանակներ տանել: Իսկ բարոյական հաղթանակ, նույնիսկ այս դեպքում, միանշանակ կար: Վազգեն Սարգսյանը գուցե և ռազմավարական պլանավորման հսկա չէր, բայց չէր կարող չգիտակցել` ում հետ է խաղի մեջ մտել: Սա մեր ժողովրդի պատմության հերթական դրվագներից էր, երբ խենթը կամ ծուռը խիզախություն և համառություն է դրսևորում և մահանում՝ տանելով միայն բարոյական հաղթանակ, դառնալով միայն անկոտրում կամքի խորհրդանիշ՝ անտեսելով «անկոտրուն» միտքը, ցավոք...

«Անկոտրում» մտքի պակասը պատճառ դարձավ վերջին 1600 տարվա բարոյական հաղթանակների ու ֆիզիկական պարտությունների շարանի, որոնք մեր մեջ արմատավորեցին այն, ինչ էքզիստենցիալիստ փիլիսոփաներն անվանեցին «ressentiment» (թարգմանաբար՝ վրդովմունք, խռովք, հիշաչարություն, դառնություն): «Ressentiment»-ը առաջանում է, երբ մարդիկ, սեփական անհաջողություններից առաջացած սուր հուզական վիճակի՝ ֆրուստրացիայի մեղքը, բարդում են այլոց վրա: Պարտությունների ու դրանց հետևանքների արդյունքում գոյացած ստորադասության ու թերարժեքության զգացումը արմատավորել է արժեքային համակարգ ու բարոյականություն, որոնք կոչված էին օգնել պայքարել ֆրուստրացիայի աղբյուր համարվող առարկայի դեմ կամ առնվազն արհամարհել այն: Այդ արժեհամակարգն այնուհետև շահագործվում էր, որպեսզի ստորադասվեր թերարժեքության պատճառ դարձած սուբյեկտը: Այսինքն, օբյեկտիվորեն հաղթած պարսիկները, հռոմեացիները, թուրքերը, արաբները, թաթարները հանրային գիտակցության մեջ նենգափոխվում ու դառնում էին սուբյեկտիվորեն պարտված, որպեսզի քողարկվի սեփական մեղավորությունը: Էգոն ստեղծում էր կեղծ թշնամի, որպեսզի քողարկի սեփական թերությունները: Երբ չէր հաջողվում գտնել այդ թշնամուն օտարների մեջ, թշնամու դեր էին ստանձնում ներքին օղակները՝ Հայ Առաքելական Եկեղեցին, իշխանները, ղարաբաղցիները ու բոլորովին վերջերս՝ ՀՀԿ-ն ու հարուստներն առհասարակ: Սա, կոպիտ ասած, խորքային «աբիժնիկության» բանաձևն է:

«ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ,

Մաս 2, շարունակելի․․․

Մաս 1