Զելենսկին կդառնա Ուկրաինայի վերջին նախագահը. Կրեմլն արձագանքել է Ժիրինովսկու «մարգարեությանը»

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու «մարգարեությունը» Ուկրաինայի փլուզման վերաբերյալ, գրում է lenta.ru-ն։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նախ պետք է սպասել, որ մարգարեությունը կա՛մ կատարվի, կա՛մ ոչ:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին կդառնա Ուկրաինայի վերջին նախագահը։

«Մենք նման իրավասություններ չունենք՝ մեկնաբանելու մարգարեությունները։ Մենք առաջարկում ենք սպասել, որ դրանք կա՛մ կատարվեն, կա՛մ չկատարվեն»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ժիրինովսկին  մահից առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է իրագործելու։

Բացի այդ, մեկ տարի առաջ Վլադիմիր Ժիրինովսկին կանխատեսել էր հատուկ գործողության մեկնարկի ժամկետը՝ նշելով փետրվարի 22-ի առավոտը։ Նշենք, որ գործողությունը մեկնարկել է փետրվարի 24-ին: