Հայ գերիների թիվը 119 է․ Հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով․ Սիրանուշ Սահակյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությանը, թե հայ գերիների թիվը 39 է։

«Խնդրահարույց է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ներկայացնում  եւ պաշտոնակացնում է իշխանության տիրապետության ներքո գտնված թվերը, այլ խոսում է Ադրբեջանի պաշտոնակացրած թվերով, եւ տպավորություն է ձեւավորվում, որ կա համաձայնեցում, թե Ադրբեջանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը եւ Հայաստանի պաշտոնականացրած տվյալներին»,- ասաց Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հայկական կողմն ունի հստակ փաստեր ոչ միայն տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով, այլ նաեւ հարցաքննությունների։ Քննչական մարմինները հարցաքննել են հայրենադարձված գերիներին, եւ կան դեպքեր, որ քննչական մարմիններին եւ իրենց տեղեկություններ են հայտնել Ադրբեջանի բանտերում տեսած ռազմագերիների վերաբերյալ։

«Օրինակ՝ մենք ունենք անհատական տեսանյութ՝ Արսեն Կարապետյանի, որը եղել է Կովսականում, որտեղ ադրբեջանցի զինծառայողին հենց բացահայտում է իր ինքնությունը։ Տեսանյութի արժանահավատությունը ստուգված է, տեղանքը համապատասխանում է տեղակայման վայրին, կա ձայն, որի միջոցով նույնականացվում է անձը, նրան ճանաչել են ընտանիքի անդամները։ Այսինքն՝ չկա վիճելիություն։ Եվ սա միայն մեկ օրինակ է։ Մեր ներկայացրած 80 դեպքերի 60 %-ը տեսանյութերով եւ լուսանկարներով հիմնավորված են։ Այլ օրինակ՝ Ալեքսանդր Եղիազարյանի վերաբերյալ կա տեսանյութ, եւ ականատեսները տեսել են ռազմական ոստիկանությունում, որոնք վերադարձել եւ տեսել են»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ը կհիմնվի ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ներկայացված փաստերի վրա, սակայն, այնուամենայնիվ, միջազգային հարության մեջ հայկական կողմը հակասության մեջ կհայտնվի։

«Իհարկե, Ադրբեջանը գործի կդնի իր կեղծարարությունը՝ փորձելով հերքել հայկական կողմի տրամադրած կողմի տրամադրած տվյալները եւ որպես ապացույց հղում կանի Նիկոլ Փաշինյանին, բայց պետք է տխրեցնեմ Փաշինյանին․ փաստաբանական թիմը պրոֆեսիոնալ աշխատանքով հերքելու է Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չպետք է դառնա Ալիեւի խոսնակը եւ պետք է խոսի իրական թվերի մասին»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։