Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ. Փաշինյանն անդրադարձավ Շառլ Միշելի հայտարարությանը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրերս Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես էր եկել հաղորդագրությամբ, որտեղ նշել էր հետևյալը․ «Ես նաև երկու ղեկավարների առաջ շեշտեցի, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ այս խոսքերը շահարկվում են, մեկնաբանվում է այնպես, որ սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից և հարց ուղղեց վարչապետին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններն ու քննարկումները։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում։ Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումը։ Բրյուսելում, բնականաբար, Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում։ Եվ այդ քննարկման արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները։ Ինչպիսի՞ն են այդ տարբերությունները, այդ տարբերություններն արտահայտված են հրապարակայնորեն։ Ես ուզում եմ, որպեսզի պարզ լինի ինչ նկատի ունեմ, հետևյալը՝ Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ։ Եվ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները և օրակարգը և ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։ Եվ քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որն իր կարծիքով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից։ Ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա այլ հարց է։ Մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և այդ դիրքորոշումների մեջ որևէ փոփոխություն չկա։ Մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը։