Հայաստանում կանխիկ եղանակով հնարավոր չի լինելու խաղադրույք իրականացնել. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Հայաստանում կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույքների կատարումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 67 «կողմ» ձայնով ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո Հայաստանում հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով խաղադրույք: Բացի այդ, 6 ամիս հետո հնարավոր չի լինելու խաղադրույք կատարել վճարային սարքերի միջոցով:

Նախագծով սահմանվում է նաև, որ շահումը փոխանցվում է բանկային պրակտիկայում ընդունված անկանխիկ եղանակով: Արգելվում է շահումը փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները:

Նախագծի համահեղինակ պատգամավորները նշել էին, որ նման օրենսդրական փաթեթը նախաձեռնվել է՝ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականության շրջանակում, և, որ այդ ուղղությամբ գործողությունները շարունակական են լինելու: