Harpoon հականավային հրթիռներն արդեն Ուկրաինայի ճանապարհին են․ Պենտագոն

Մանրամասներ

Դանիան կուժեղացնի Ուկրաինայի զինված ուժերը Harpoon հականավային հրթիռներով և կայաններով՝ դրանք արձակելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «Ուկրաինական շփման խմբի» համաժողովից հետո կայացած ճեպազրույցում, որին, նրա խոսքով, մասնակցել են 44 երկրների, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչներ։ Առաքման մանրամասները, ժամկետները և համալիրների քանակը դեռևս չեն հաղորդվում, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։

«Ես հատկապես շնորհակալ եմ Դանիայից, որն այսօր հայտարարեց Harpoon արձակող սարքերի և հրթիռների նվիրատվության մասին», – ասել է Օսթինը։

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ 20 երկրներ հայտարարել են նաև օգնության նոր փաթեթների մասին, շատ երկրներ կտրամադրեն խիստ անհրաժեշտ հրետանային զենքեր, տանկեր և այլ զրահատեխնիկա։ Մյուս երկրներն առաջարկել են վերապատրաստել ուկրաինացի զինվորականներին և արդիականացնել նրանց ռազմական համակարգերը։

Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 40 երկրների պաշտպանության նախարարներ, այդ թվում՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեկ Ռեզնիկովը, ասել է Օսթինը։ Բացի այդ, խմբին առաջին անգամ միացել են նախարարներ Ավստրիայից, Բոսնիայից, Կոլումբիայից և Կոսովոյից։