Ցուցարարներին կոչ ենք անում չխափանել մետրոպոլիտենի աշխատանքը, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն․ ոստիկանություն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Հայտարարությունում ասվում է․ 

«Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը:

Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից:

Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր ևս «Դիմադրություն» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա էին արել նաև մետրոպոլիտենում։ Երիտասարդները նստել են գնացքի վագոնների դռների միջեւ եւ, «Նիկոլ դավաճան» վանկարկելով, չեն թողել, որ գնացքը շարժվի: Ոստիկանները նրանցից մի քանիսին բերման են ենթարկել։