Ուժեղ քամու հետևանքով մի քանի վարչական շրջաններում վնասվել են շինություններ, տրանսպորտային միջոցներ

Մանրամասներ

Երևանում մայիսի 23-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով մի քանի վարչական շրջաններում վնասվել են շինություններ, տրանսպորտային միջոցներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին, ժամը 08։53-ից 13:03-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

Մայիսի 23-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բարդին ընկել է «Mercedes-Benz C-Class» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա, վնասել էլեկտրական լարեր․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հերթապահել՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։