Ոստիկանությունը զգուշացնում է «IPhone» վաճառողներին

Մանրամասներ

1

Ոստիկանությունում արձանագրվող դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ վերջերս արձանագրվում է խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեխանիզմ։

Հանցավոր նպատակ ունեցող անձինք առուվաճառքի կայքերում գտնում են «Այֆոն» բջջային հեռախոսների վաճառքի հայտարարություններ, հեռախոսային ուղիղ կապով կամ բջջային հավելվածի միջոցով զանգում են վաճառողին և բջջային հեռախոսի աշխատունակության հետ կապված հարցեր տալիս։ Այնուհետև վաճառողին տրամադրում են իրենց «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը և խնդրում, որ նա դրանք հավաքի իր հեռախոսում, որպեսզի գնորդը իբր համոզվի՝ վաճառվող հեռախոսը աշխատունա՞կ է, թե՞ ոչ։

Բջջային հեռախոսը վաճառող անձը, հավատալով գնորդի ազնվությանը, իր հեռախոսում հավաքում է գնորդի տրամադրած «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը, ինչից հետո գնորդը փոխում է «այքլաուդի» գաղտնաբառը՝ վաճառողին զրկելով իր հեռախոսն ամբողջ ծավալով օգտագործելու հնարավորությունից։

Բացի այդ, հանցավորը ցանկացած պահի հնարավորություն է ունենում արգելափակել բջջային հեռախոսը, ջնջել առկա տեղեկատվությունը կամ կատարել այլ վնասաբեր գործողություններ։ Որոշ ժամանակ անց նույն անձը կրկին կապ է հաստատում բջջային հեռախոսը վաճառողի հետ և սպառնում, որ եթե իրեն տերմինալի միջոցով չուղարկի որոշակի գումար, ապա կջնջի բջջային հեռախոսի տվյալները կամ կարգելափակի։

Նմանատիպ դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդում է ստացվել ոստիկանության բաժիններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է՝ ոչ մի դեպքում չտրամադրել անծանոթ անձանց օգտահաշիվների տվյալները, ինչպես բջջային հեռախոսներում պետք չէ մուտքագրել այլոց օգտահաշիվների տվյալները՝ նման իրավիճակներում չհայտնվելու համար։ Իսկ եթե արդեն դարձել եք նման հանցագործության զոհ, պետք է դիմեք ոստիկանություն։