Սաակաշվիլիին ընդամենը 72 ժամ է անհրաժեշտ Վրաստանում իշխանափոխություն իրականացնելու համար

Վրաստանի նախկին նախագահը պայքարում է իշխող կուսակցության դեմ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե իրեն 72 ժամ երկրում ազատ տեղաշարժվելու հնարավորություն տան, կվերադառնա հայրենիք և «խաղաղ ճանապարհով կփոխի իշխանությունը»,:

«Երբ ես համարեմ, որ Վրաստանի հանրության ակտիվ մասը և ընդդիմությունը պատրաստ են ապահովել երկրում իմ 72 ժամյա ազատ տեղաշարժը, ես կվերադառնամ հայրենիք, սա խաղաղ ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու իմ սցենարն է»,- ասել է Սաակաշվիլին «Ռուսթավի 2»-ին` ԱՄՆ-ից:

Սաակաշվիլին հավելել է, որ պայքարում է Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ:

«Վրացական իշխանություններն ինձ հիշեցնում են խելագարների, որոնք փակել են բժիշկներին հոգեբուժարանում: Հիմա ամենակարևորն այդ խելագարներին չեզոքացնելն է` առանց ողբերգության, բռնության և զոհերի»,- նշել է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին: Նա գտնվում է հետախուզման մեջ, նրա դեմ իր հայրենիքում հարուցվել են մի շարք քրեական գործեր,: