Երևանի փոքր պոլիկլինիկաները կմիանան առավել մեծ թվով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին

Մանրամասներ

Երևանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բժշկական այս հաստատություններ տարեկան շուրջ 1 մլն 400.000 բուժառու է այցելում: Տասնամյակներ շարունակ պոլիկլինիկաներում կուտակված խնդիրներն ու ոչ արդյունավետ կառավարումն այսօր համակարգային ու հիմնարար փոփոխություններ են պահանջում: Տեղերում իրականացված ուսումնասիրությունների ու նախնական կարիքների գնահատման արդյունքում ձևավորել է հստակ պատկեր:

«Մենք գույքագրել ենք ոլորտի առկա խնդիրները և հանդես ենք եկել կառուցվածքային փոփոխություններ կատարելու առաջարկությամբ, ինչն իրենից ենթադրում է մաքսիմալ արդյունավետ կառավարում: Փոքր պոլիկլինիկաները միանալու են առավել մեծ թվով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին: Ընդլայնելու ենք նաև բժշկական ծառայությունները»,-նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը:

Համեմատաբար փոքր թվաքանակով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներում խնդիրները տարբեր են, կապված են բուժման, արդյունավետ կառավարման, հարմարավետ պայմանների ապահովման հետ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի խոսքով՝ խնդիրը միայն ֆիննականին չի վերաբերում: Կան խնդիրներ՝ կապված  ծառայությունների հասանելիության հետ:

«Օրինակ, փոքր պոլիկլինիկաները դեղորայքային ապահովման խրոնիկ խնդիր ունեն: Երբ նրանք մրցույթ են հայտարարում, փոքր պատվերների դեպքում մատակարարված կազմակերպությունները շատ հաճախ մասնակցության հարցով հետաքրքրված չեն լինում: Մեկ կամ երկու ամսով դեղերի մատակարարումը հետաձգվում է, ինչը հանգեցնում է քաղաքացիների դժգոհություններին: Խոշոր պոլիկլինիկաներում նման խնդիր չկա, որովհետև պատվերի չափը մեծ է լինում»,-նշել է փոխքաղաքապետը:

Քաղաքապետարանի պատասխանատուները վստահեցնում են, որ պոլիկլինիկաների միավորումը ենթադրում է արդյունավետ կառավարում, լավ աշխատանք: