Հայաստանի ձվի շուկայում ամենաթողություն է․ պետական մարմիններն ի զորու չեն վերահսկել այն ոչ միայն գնային քաղաքականության, այլև որակական առումով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ձվի շուկայում ամենաթողություն է: Պետական մարմիններն ի զորու չեն վերահսկելու ձվի շուկան ոչ միայն գնային քաղաքականության,այլեւ որակական առումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովն այս տարվա ապրիլի 5-ին «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել՝ հանձնարարելով մեկամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը եւ դադարեցնել մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն արտադրված «ԷԿՈ» բառի մակնշմամբ հավկիթների իրացումը: Ապրիլի 19-ին նման բովանդակությամբ որոշում է կայացվել նաեւ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ընկերության մասով: Ավելին՝ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովը հանձնարարել է նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից: 

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, արձանագրել է, որ մինչ օրս մի շարք խանութներում վաճառվում են «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ: Ինչպե՞ս է ստացվում ազատ վաճառքը: Այս հարցին ի պատասխան՝ Մրցակցության պետական հանձնաժողովից հայտնել են. «Որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց պատճենները տնտեսվարողներին հանձնելու հաջորդող օրվանից: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ ծանուցումը ստացել է ապրիլի 27-ին, իսկ «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն՝ ապրիլի 29-ին»: Տեղեկացնենք, որ այսօր մայիսի 19-ն է, այսինքն՝ մոտ 25 օր է անցել ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովի արգելող որոշումների ծանուցումների ժամկետից, սակայն երկու ընկերություններն էլ «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթները ազատ վաճառում են: Եւ այստեղ խնդիրը ոչ թե վաճառողների, այլ արտադրողների մեջ է, որոնք չեն կատարում ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովի պահանջը եւ ապօրինի հավկիթներ են վաճառում, կամ էլ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովի հետ ունեն ներքին պայմանավորվածություն, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը կփակի աչքերը, եւ անօրինական ձվերը կվաճառվեն խանութներում: Երկու դեպքում էլ իրավապահներն անելիք ունեն նաեւ Գեղամ Գեւորգյանի գործողությունների մասով»։