Եվրոպան Ուկրաինային խոստանում է ևս 9 միլիարդ եվրո և «Մարշալի պլան»

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Եվրամիությունը լրացուցիչ 9 միլիարդ եվրո օգնություն կհատկացնի Ուկրաինային և դաշնակիցներ է հավաքում հետպատերազմյա վերակառուցման և բարեփոխումների հսկայական ծրագրի համար, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, տեղեկացնում է BBC-ն։

«Ուկրաինան այժմ առաջնագծում է, նա պաշտպանում է եվրոպական արժեքները։ Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին, քանի դեռ պատերազմը շարունակվում է, և երբ նրանք կվերականգնեն երկիրը», ասել է նա:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նախօրեին խոսել է Ուկրաինայի համար նոր «Մարշալի պլանի» մասին, իսկ այսօր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն ասել է, որ G7 երկրները քննարկում են, թե ինչպես ստիպել Ռուսաստանին մասամբ վճարել դրա համար։

Խոսքը հարյուր միլիարդավոր եվրոների մասին է։ Ապրիլի սկզբին ութ առաջատար տնտեսագետներ հրապարակեցին 200-500 միլիարդ եվրոյի հետպատերազմյան վերականգնման աջակցության Ուկրաինայի անհրաժեշտության նախնական գնահատականը՝ հիմնված Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի փորձի, Գերմանիայի միավորման, Աֆղանստանի, Իրաքի վերակառուցման և այլ մոդելների վրա։

Այն ժամանակ նրանք գրել են, որ առանց բարեփոխումների փրկության ծրագրերն անօգուտ կլինեն, և ֆոն դեր Լյաենն այսօր հայտարարել է նույնը:

«Անհրաժեշտ կլինեն առանցքային բարեփոխումներ հակակոռուպցիոն, պետական ​​կառավարման, օրենքի գերակայության և դատական ​​համակարգի անկախության ոլորտներում: Բարեփոխումների ծրագիրը պետք է հստակորեն կապված լինի կանաչ վերակառուցման, թվայնացման և հիմնարար եվրոպական արժեքների հետ», ասել է նա: