Փոթորկի բարձրության

Թողեք ձեր վախերը, մի երկնչեք, ազատողը խեղդվողի մոտ է շտապում, ազատարարը չի մոտենում քաջարի լողորդին, ով շատ լավ ընթանում է առանձին

 

Հունվարի 26


Տեր, ու՞մ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես:

Ես ձեր երկուսի հետ եմ: Առաջ ընթացեք աներկյուղ: Ես Եմ պարգևում Առողջություն ու Զորություն, Խիզախություն ու Հանգստություն, Երջանկություն և Ուրախություն: Սրանք ձեզ են պատկանում, եթե խնդրեք կամ՝ երբ խնդրեք:

Ինչպես նյութական աշխարհի, այնպես էլ հոգևոր իրականության մեջ պարապություն չկա: Եթե ես-ը, մտահոգություններն ու վախերը հեռանան ձեր կյանքից՝ շուտով կգան հոգուն վերաբերող բաներ, որ մեծ անձկությամբ ունենալ եք ցանկանում. կգան, ներս կխուժեն՝ նրանց տեղերը գրավելու համար: Ամեն ինչ ձերն է. դուք Քրիստոսինն եք, իսկ Քրիստոս՝ Աստծունը: Ինչ սքանչելի շրջան, որովհետև դուք Աստծո սեփականությունն եք:

Թողեք ձեր վախերը, մի երկնչեք: Ազատողը խեղդվողի մոտ է շտապում: Ազատարարը չի մոտենում քաջարի լողորդին, ով շատ լավ ընթանում է առանձին: Չկա մի ուրախություն, որ նմանվի այն հրճվանքին, որ փրկվողն է ունենում փրկողի նկատմամբ:

Իմ օգնության մեջ կիրառվում է նաև այս եղանակը. Ես սպասում եմ, որ փոթորիկը, սաստկանալով, մեծ ուժգնության հասնի. այդպես վարվեցի, երբ աշակերտներիս հետ լճի վրա էի: Կարող էի հրամայել ու խաղաղեցնել առաջին իսկ ալիքը, հողմի առաջին պոռթկումը, սակայն այդպես Իմ աշակերտները կզրկվեին մի շատ կարևոր դասից, այդպես կկորչեր ուժգնությունը՝ ապահովության ու ջերմ մտերմության զգացումի:

Իմ աշակերտները կարծեցին, թե Ես քնել ու մոռացել եմ իրենց, սակայն գիտեք, թե որքան սխալ էին նրանք: Այս պատմությունը մտաբերելով՝ վերստին ուժ առեք, ամրացեք վստահությամբ, համակվեք մի զվարթ զգացումով, որ ակնկալում է կապվածություն և պաշտպանվածություն: Եթե չվախենաք՝ Ուրախությունը՝ ազատագրվածի Ուրախությունը ձերը կլինի: