Ադրբեջանը կփակի դեպի Գորիս ճանապարհը, եթե Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին. Ռուբեն Գալչյան

Մանրամասները՝ տեսանյութում

1

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս իր հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող տարածքային պահանջների խնդիրներին, Ադրբեջանի իշխանությանն առաջարկեց հստակեցնել, թե Հայաստանից տարածքային պահանջ ասելով՝ ի՞նչ նկատի ունեն։

Հայաստանի պաշտոնյայի այս առաջարկին Ադրբեջանի իշխանությունն արձագանքեց՝ փոխարտգործնախարար Խալաֆովի մակարդակով, որը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է Տավուշի շրջանի 5 գյուղերն ու Տիգրանաշենը, ինչին Հայաստանից արձագանքեցին Հատուկ հանձնարարություններով դեսպանի մակարդակով։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ Ադրբեջանի ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել։

168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, խոսելով իրավական հիմնավորման մասին, նախ նշեց, որ, ըստ իրավական հիմնավորման, ներկայիս Ադրբեջանը, երբ հռչակվել է որպես հանրապետություն, իր Սահմանադրությամբ իրեն հռչակել է՝ որպես 1918 թվականի Ադրբեջանի իրավահաջորդ, ուստի հենց այս հանգամանքին պետք է հղում անի Հայաստանի իշխանությունը, երբ Ադրբեջանը խոսի տարածքների պահանջի մասին։

«Երբ Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվեց, այդ երկրի Սահմանադրությամբ ամրագրվեց, որ իրենք ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ 1918 թվականի Ադրբեջանի Առաջին Հանրապետության իրավահաջորդն են, իսկ 1918 թվականի որևէ քարտեզում անկլավ գոյություն չի ունեցել, հետևապես, իրենք չեն կարող խոսել անկլավների մասին։ Ադրբեջանի այդ պնդումն ապօրինի է, որովհետև 1918 թվականի քարտեզներով անկլավներ չկան, 1926 թվականի քարտեզով Հայաստանն ունի 31 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Այս քարտեզում Արծվաշենը, Ալ լճերը, Տավուշի որոշ հողամասեր պատկանում են Հայաստանին։ Այս քարտեզով Արցախը կպած է Հայաստանին և բաժանված է միայն Աղավնո գետով։ Անկլավներ գոյություն չեն ունեցել նաև հաջորդ թվականներին հրապարակված քարտեզներում և, թերևս, միայն 1938 թվականի քարտեզում նոր ի հայտ է եկել երկու անկլավ, իսկ 1940 թվականին նոր առաջին անգամ քարտեզի վրա նշված է Տիգրանաշենը՝ որպես անկլավ»,- ասաց Ռուբեն Գալչյանը՝ ընդգծելով, որ հիմա Հայաստանի իշխանությունը պետք է Ադրբեջանի առաջ դնի Ադրբեջանի Սահմանադրությունը, որի համաձայն՝ իրենք Տավուշի 5 գյուղերի և Տիգրանաշենի տերը չեն կարող լինել, որովհետև այդ տարածքներն Ադրբեջանի՝ հանրապետություն հռչակվելու պահին Ադրբեջանինը չեն եղել։

«Իսկ եթե տարածքների փոխանակման հարց բարձրացվի, ապա Արծվաշենը որևէ ռազմավարական նշանակություն չունի, ուստի պետք է այն թողնել Ադրբեջանին, իսկ Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը մեզ պահել, որովհետև դրանք կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղիների վրա են։ Եթե Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին, Ադրբեջանը կփակի 2 կմ ճանապարհը՝ դեպի Գորիս, առհասարակ կապը դեպի Սյունիք և Արցախ կլինի վտանգավոր»,- ասաց քարտեզագիրը՝ կոչ անելով Հայաստանի իշխանությանը հարցը լուծելու համար դիմել միջազգային դատարան ու առկա քարտեզներով ապացուցել, որ Տավուշի 5 գյուղերը և Տիգրանաշենն Ադրբեջանինը չեն եղել։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում